Ինչո՞ւ է որոշվել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել (տեսանյութ)

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական դռնբաց նիստը, որում նախատեսված էր քննել բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

ՀՀ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Քանի որ դատական նիստը դռնբաց էր, դրա ընթացքին հետևելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները։ Դատական գործընթացին հետևելու համար նախատեսված դահլիճն այսօր լեփ լեցուն էր լրագրողներով և Ռոբերտ Քոչարյանի համախոհներով ու բարեկամերով։ Նիստն ուղեկցվում էր Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով:

Այսօրվա նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես մեղադրող կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։

Երկրորդ հիմքը, ըստ Ալումյանի, այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ անաչառ որոշում կայացնել։

«Մեր հարցին ի պատասխան՝ դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաև, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–դատական նիստից հետո լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ալումյանը՝ հայտարարելով, որ իրենք այս պայմաններում որևէ հնարավորություն չունեն Քոչարանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու երրորդ հիմքն ըստ նրա՝ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ-ում առկա կարգապահական վարույթն է։

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ-ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։

Ալումյանի խոսքով, ԲԴԽ-ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագործվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։

Պաշտպանի կարծիքով Դավիթ Գրիգորյանն այս գործով անկողմնակալ և անկախ դատավոր չէ։

Ի դեպ, մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ-ն հաղորդագրություն տարածեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին։

ԲԴԽ-ն այսօր որոշել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել և դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Նախագահող դատավորը կողմերին տեղեկացրեց ԲԴԽ-ի որոշման մասին, ինչից հետո գլխավոր դատախազը երևակայական համարեց պաշտպանական կողմի՝ ԲԴԽ-ում առկա վարույթի հիմքով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Արթուր Դավթյանը և գործով մյուս մեղադրողներն առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ։

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 14–ին՝ ժամը 12:30–ին։

Մանրամասները՝ տեսանյութում