ՃՄՀԳ փորձագիտական խումբը Գյումրիում և Սպիտակում ծանոթացել է երկրաշարժից հետո տիրող իրավիճակին

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) փորձագիտական խումբը, ՀՀ ԱԻՆ Սպիտակի փրկարարական ծառայության և Գյումրիի սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցների հետ մայիսի 11-ին այցելել են Սպիտակ և Գյումրի:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, այցելության նպատակն էր հատուկ հյուրի՝ Ջիջի լրատու Քազույուկի Նակագավայի հետ տեղային ուսումնասիրություն իրականացնել և ծանոթանալ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տիրող իրավիճակին:

Սպիտակում հանդիպել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և երկրաշարժի ժամանակ դպրոցի տնօրեն աշխատած Սպիտակ քաղաքի բնակչի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում հյուրերին պարզ է դարձել 1988 թ. երկրաշարժի հասցրած վնասը և վերջինիս ավերածության աստիճանը:

Գյումրիում հյուրերին սեյսմիկ ծառայության ներկայացուցիչը ծանոթացրել է կատարվող աշխատանքների հետ: Նրանք եղել են այն վայրերում և տեղանքներում, որտեղ դեռևս մնացել են ավերիչ երկրաշարժից վնասված շենքերը: Այցելել են երկրաշարժից հետո վերականգնված եկեղեցին և պատմամշակութային այլ վայրեր:

2012 թ. ապրիլին JICA-ի նախագծի միջոցով Ճապոնիա այցելած արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի անձնակազմի նախաձեռնությամբ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին կառուցվել է Արևելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակման հուշարձան: Ճապոնացիները ներկա են գտնվել ամեն տարի մարտի 11-ին տեղի բնակիչների կողմից անցկացվող զոհերի ոգեկոչման արարողությանը: