Կոչ եմ անում՝ անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն գտնել մեղավորներին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը, որում նախատեսված էր քննել բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Մինչև դատական նիստի սկսվելը Ռոբերտ Քոչարյանի՝ դատական նիստերի դահլիճում գտնվող որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ հույս հայտնեց, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ արդար որոշում կկայացվի։ Լևոն Քոչարյանն ասաց, որ հոր դեմ մեղադրանքն ընդամենն անձնական վրեժխնդրություն է։

«Ես կարծում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է, և, բնականաբար, այն, ինչ հայրս է ասում, մեր պաշտպաններն են ասում, բոլորս համամիտ ենք, այդ ամեն ինչը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը․․․ Հեռախոսազանգերի գաղտնալսումներն ամենավառ, ամենացցուն փաստն են, դրանից ավելի ի՞նչ է պետք հասկանալու համար։ Ով չի լսել, նորից դրեք լսեք», – ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ վստահություն կա՞, թե ոչ, Լևոն Քոչարյանն ասաց, որ իր հոր գործի առնչությամբ վերջին ամիսներին տեղի ունեցածը հաշվի առնելով՝ իր  վստահությունը շատ չէ:

«Մենք բոլորս ենք ուզում, որ այս հարցը պարզվի, որ այս առումով հասկանան, որ հայրս կապ չունի այդ ամենի հետ»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ո՞վ է կրակելու հրաման տվել, Քոչարյանի որդին պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը հրաման տա՝ սպանել: Մի մարդ, ով ղեկավարել է 10 տարի, չեմ վարանի ասել՝ փայլուն արդյունքներ է ցույց տվել, և ինչ-որ մեկ ամիս էր մնում, պետք է գնար նման քայլի՞: Սա մեկ հոգու, երկու հոգու որոշելիք հարց չէ, նման բաների մեջ, պատկերացրեք, թե քանի հոգի պետք է ներգրավված լինեն: Նույնիսկ այս պայմաններում նման մեղադրանք չկա, և պետք է ապացուցել, որ հայրս կապ չէր կարողանալ ունենալ: Ես կոչ եմ անում՝ թող սենց անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն գնան, գտնեն մեղավորներին՝ ուղղակի ամեն տեղ նայեն, ոչ թե կոնկրետ մեկ տեղ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում