Տարածաշրջանում ամպերը թանձրանում են

Ո՛չ աշխարհը, ո՛չ ժամանակը և ո՛չ էլ համաշխարհային ռազմավարությունը չեն դոփում տեղում և չեն պատրաստվում «հարմարվել» նրան, որ ինչ-որ տեղ Սուդանում կամ Զատկի կղզում ինչ-որ մեկը «հեղափոխություն է անում»: «Ամեն մեկին՝ իրենը»,- ասել են հին հռոմեացիները։ Նրանցից առավել գործնական արտահայտվել է հռոմեացի հռետոր, փիլիսոփա և քաղաքագետ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը (մ.թ.ա. 106թ.-մ.թ.ա. 43թ.)՝ ասելով. «Իսկ արդարադատությունը, որ յուրաքանչյուրին հատուցում է ըստ արժանվույն, ի՞նչ առնչություն ունի աստվածների հետ»: Կա նրա արտահայտության մեկ այլ թարգմանություն՝ «Արդարադատությունը յուրաքանչյուրին շնորհում է իրեն հասանելիքը»:

Հիմա շատերը կցանկանան ընդդիմախոսել ինձ, թե իբր հին հռոմեական թևավոր արտահայտությունն ի՞նչ առնչություն ունի արդի քաղաքական և ռազմական իրողությունների հետ: Ես նմանների համար կարող եմ անվճար դասախոսություն կարդալ: Բայց միայն մեկ անգամ և ընդարձակ նյութի ձևաչափով: Այնպես որ՝ դիմեք…

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ս.թ. ապրիլի 8-ին հայտարարեց իրանյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ընդգրկելու որոշման մասին, նա, թերևս, չէր էլ սպասում, որ Իրանը՝ որպես պատասխան քայլ, Մերձավոր Արևելքում և Ասիայում (CENTCOM) տեղակայված ամերիկյան ամբողջ զորքը կդասի «Իսլամական պետության» նման ահաբեկչական խմբերի շարքին, իսկ ԱՄՆ-ին հրապարակավ կորակի որպես աշխարհում «ահաբեկչության պետական հովանավոր»: Ընդ որում, պետք չէ մտածել, որ խոսքը սոսկ Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերի մասին է: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) որոշման մեջ, որը հետո հիմք ծառայեց օրենքի ընդունման համար, CENTCOM-ին վերաբերող գլխում բառացի գրված է հետևյալը. «CENTCOM-ը և նրա բոլոր մասնաճյուղերը»: Օրենքը Իրանի խորհրդարանի կողմից ընդունվել է ապրիլի 16-ին, այսինքն՝ Դոնալդ Թրամփի որոշման ուժի մեջ մտնելու հաջորդ իսկ օրը: Իսկ ապրիլի 30-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին վավերացրել է այդ օրենքը: Դրանից հետո այս կամ այն տեսքով Իրանի շուրջ կենտրոնացվող ամերիկյան բոլոր զորքերը իրենց տեխնիկայով հանդերձ, համարվելու են ահաբեկիչներ, և դրանք օրինական թիրախներ են Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի համար:

Իրաքից և Սիրիայից բացի, CENTCOM-ը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Արաբական թերակղզու և Միջին Ասիայի երկրներում: Եվ ես առավել քան վստահ եմ, որ Անդրկովկասի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բոլոր տեսակի զորքերը նույնպես «CENTCOM-ի և նրա բոլոր մասնաճյուղերի» զորամասերից և ստորաբաժանումներից են, ինչպես հարցը ձևակերպվել էր Իրանի ԱԱԲԽ-ի կողմից: Իսկ եթե մենք գործ ունենք Իրանի ԱԱԲԽ-ի որոշման հետ, ապա կնշանակի, որ աշխարհը տեսնում է Գերագույն Առաջնորդի, Իրանի զինված ուժերի և ԻՀՊԿ-ի գլխավոր գերագույն հրամանատարի, այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի որոշումը: Իսկ ապրիլի 19-ին՝ ամերիկյան զորքերը ահաբեկչական հայտարարելու մասին օրենքի ընդունումից 3 օր անց, ԻԻՀ հետախուզության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ Իրանի հակահետախուզությանը հաջողվել է երկրում բացահայտել և չեզոքացնել «ԿՎՀ գործակալական ցանց», որը նույնպես գործելիս է եղել Իսլամական Հանրապետության սահմաններից դուրս: «ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՎՀ) դեմ իրականացված բարդ գործողության շնորհիվ նույնականացվել (իդենտիֆիկացիա) է տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում, գործող 290-հոգանոց գործակալական ցանցը: Այդ երկրներում ԿՀՎ գործակալները բացահայտվել և ձերբակալվել են, իսկ ԱՄՆ հետախուզական գործակալության կապերն իր աղբյուրների հետ խախտվել են այնքան լրջորեն, որ Ամերիկայում ստեղծվել է հատուկ կոմիտե՝ այդ ձախողումը ուսումնասիրելու համար»: Իրանի հատուկ ծառայությունները նմանօրինակ հարված են հասցրել բրիտանական արտաքին հետախուզական ՄԻ-6 ծառայությանը։ Այս մասին տեղեկացրել է Մահմուդ Ալավին: Նրա խոսքերով՝ երկու գործողությունների մանրամասները հանրությանն են ներկայացվելու ամենամոտ ապագայում; Այդ մասին հաղորդել են IRNA, Fars News, Mehr News լրատվական գործակալությունները:

Նման հայտարարությունների պայմաններում իմ գլխում հարցեր են ծագել՝ այդ ամենի մասին ի՞նչ գիտեն Հայաստանի այսօրվա իշխանությունները: Եվ եթե նրանք այս ամենից տեղյակ են, ապա ի՞նչ են ծրագրում իրականացնել երկրի և ժողովրդի շահերի պաշտպանության համար, եթե իրանա-ամերիկյան հակամարտության սրացումը հանգեցնի ինչ-ինչ ռազմական գործողությունների: ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել իրանական լցանավերի ելումուտը, իսկ Իրանը, դրան ի պատասխան, խստորեն նախազգուշացրել է, որ նման իրավիճակում Իրանի նավատորմը կփակի առանցքային նշանակություն ունեցող Օրմուզի նեղուցը, և ոչ ոք չի կարողանա անգամ մեկ կաթիլ նավթ արտահանել Պարսից ծոցից:

Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ եթե Իրանը պահանջի ձերբակալել և իրեն հանձնել Հայաստանում բացահայտ կամ գաղտնի կերպով գործող ամերիկյան որևէ զինվորականի, ապա ինչպիսի՞ պատասխան է տալու Հայաստանի ղեկավարությունը, եթե հատկապես իրանական կողմը ապացուցի, որ մեկ կամ մի քանի ամերիկյան զինվորներ մասնակից են եղել Իրանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը: Ի դեպ, այս հարցը, անշուշտ, ունի նաև իր երկրորդ կողմը. իսկ ինչպե՞ս վարվել, եթե ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններից պահանջի ձերբակալել և իրեն հանձնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որևէ ներկայացուցչի, երբ նա պաշտոնական կամ մասնավոր այցով Երևանում լինի:

Հայաստանի իշխանություններին խորհուրդներ, այն էլ՝ անվճար, չեմ ուզում տալ. խորհուրդներ տալը, ընդհանուր առմամբ, բավական անշնորհակալ գործ է: Բայց ևս մեկ անգամ կհիշեցնեմ Հին Հռոմի քաղաքացի Ցիցերոնի արտահայտությունը. «Ամեն մեկին՝ իրենը»: Հայաստանի իշխանությունները անցած մեկ տարում այդպես են ինքնադրսևորվել․ իրենք իրենց դրել են աշխարհաքաղաքական փակուղում: Միաժամանակ նաև մեզ բոլորիս, հայ ժողովրդին…

Սերգեյ Շաքարյանց