Բացահայտում․ Հայաստանում սննդամթերքի անվտանգությանը «հեղափոխականների» օրոք նույնպես վստահել հնարավոր չէ (տեսանյութ)

Կոռուպցիայի ճիրաններում է հենց տեսչական մարմինը․ հերթական բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հանդես եկավ տարբեր տարիների ընթացքում, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների օրոք իր կոռուպցիոն սկանդալներով հայտնի, քանիցս խայտառակված մի կառույցի՝ ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (նախկին անվանումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) առնչվող կոռուպցիայի հերթական դրսևորման բացահայտմամբ։

ՀՀ ԱԱԾ-ի տեղեկացմամբ, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»:

Տեղեկացնենք, որ խոսքը հիշյալ տեսչական մարմնի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի մասին է։

Վերոնշյալ բացահայտումից կարճ ժամանակ առաջ՝ ս․ թ․ փետրվարի 23-ին, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել էր ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու ոչ թե դեպք, այլ նույնիսկ դեպքեր։

Ըստ ԱԱԾ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ Ա.Մ-ն, ծառայության շահերն հակառակ օգտագործելով, մարզում գործող մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ չի արձանագրել սննդամթերքի պահպանման, տեղափոխման և վաճառքի գործընթացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերը, չի կայացրել խախտումներ իրականացրած տնտեսվարողների գործունեության կասեցման կամ արգելքի որոշումներ, մի շարք ընկերություններում չի իրականացրել ստուգումներ, ինչի դիմաց անձամբ կամ նույն կենտրոնի աշխատակիցների միջոցով 2018թ. հուլիսից մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար պահանջել և ստացել է 30-120 հազարական ՀՀ դրամ կաշառք գումար»:

Նշենք, որ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 1 անձի, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ԱԱԾ հավաստմամբ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին հնարավոր առնչակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Փաստորեն, ս․ թ․ փետրվարին նույնիսկ ԱԱԾ վերոնշյալ բացահայտումը դաս չի եղել հիշյալ տեսչական մարմնի անասնաբուժության տեսչության պետին, նա դրանից, միգուցե վերևից տրված ինչ-որ երաշխիք ունենալով, չի զգուշացել ու համապատասխան հետևություն չի կատարել։ Ավելին․ վերոնշյալ պետական մարմինն իր նոր ղեկավարի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանի պաշտոնավարության օրոք նույնպես չի ձերբազատվում կոռուպցիոն սկանդալներից, աշխատում է այնպես, ինչպես «թավշյա հեղափոխությունից» առաջ, նախկին իշխանությունների օրոք։ Այն ժամանակ էլ հիշյալ պետական մարմնի առանձին աշխատակիցներ կաշառք էին վերցնում, թույլ տալիս այլ չարաշահումներ, նրանցից ոմանք բացահայտվում, բռնվում էին, հիմա էլ։ Ո՞վ կարող է ասել, թե այս առումով որն է տարբերությունը նախկին, վարչապետի և իր թիմակիցների բնորոշմամբ, «կոռումպացված իշխանությունների» ու ներկայիս իշխանությունների միջև։

Այս ամենում ուշագրավ է ևս մեկ հանգամանք․ փաստորեն, ինչպես նախկին, իրոք, քննադատելի իշխանության, ՀՀ կառավարության և, մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանի, այնպես էլ ներկայիս ԱԺ-ի և կառավարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության օրոք Հայաստանից ոչխարները զանգվածաբար արտահանվում են այլ երկրներ։

ԱԱԾ բացահայտածն ընդամենը վերաբերվում է Հայաստանից մի քանի հազար գլուխ ոչխար արտահանելու ընդամենը մեկ դեպքի, իսկ բազմահազար ոչխարներ արտահանելու որքան այլ դեպքեր կան, որոնց մասին լայն հասարակայնությունը չի իմանում։ Հենց սրա հետևանքով է, որ Երևանի, Գյումրիի և ՀՀ այլ քաղաքների պարենային խանութներում, մսի վաճառանոցներում գառի և ոչխարի մսի հազվադեպ կարելի է հանդիպել, իսկ եղած ժամանակ էլ դրա կիլոգրամի գինը հասնում է 4000 դրամի։ Մինչդեռ, ոչխարաբուծությունը բնավ անվտանգ զբաղմունք չէ իր տարածքով փոքրիկ ու քիչ արոտավայրեր ունեցող Հայաստանի հողածածկույթի, հողի վերին՝ բերրի շերտի (հումուսի) համար, որն արածող ոչխարների կճղակներից մանրանում, փոշիանում է, հետո անձրևների հետևանքով լվացվում, էրոզիայի է ենթարկվում, անձրևաջրերի հետ լցվում է գետեր և անվերադարձ հեռանում է մեր երկրից, կորսվում։

 

Արթուր Հովհաննիսյան