ԱԱԾ տնօրենն առաջարկում է Հայաստանում վերացնել կենդանիների որսը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց Հայաստանում առհասարակ արգելել կենդանիների որսը։

«Ոչ միայն օրենքներով խոչընդոտներ առաջացնենք, այլև որսորդական փամփուշտների ներկրումներն անհրաժեշտ է արգելել,- ասաց Վանեցյանը։- Ես ինքս նախկինում ակտիվ որսորդ եմ եղել, սակայն

վերջին 7 տարում որսորդությամբ չեմ զբաղվում»։

Նրա համոզմամբ՝ եթե չի արգելվում որսն ընդհանրապես, ապա տեղի է ունենում անկանոն որս։

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կենդանիների համատարած ոչնչացում է, – նկատեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ամբողջ օրենսդրական փաթեթը պետք է վերանայվի»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց վերոնշյալ տեսակետների հետ՝ ընդգծելով, որ ինքը երբևէ կենդանի չի սպանել։

«Ամեն շարժվող բանի վրա չպետք է կրակել, ես կարող եմ ասել իմ ծննդավայրում տիրող իրավիճակից, սակայն ես երբեք շարժվող ոչ մի բանի վրա չեմ կրակել։ Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

-Ես ուզում եմ ասել, որ մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ կարելի է ենթադրել՝ ինչպես կարող է այդ մարդը վերաբերվել մարդու նկատմամբ։

Չնայած օրինական որսը ես դատապարտելի չեմ համարում։ Նույնիսկ շատ երկրներում դա օգտագործվում է բնապահպանական նպատակներով»։