Եվրոպայում սպասվում է խաղի կանոնների փոփոխություն

Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Դանիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի աջ ուժերը մայիսյան ընտրությունների արդյունքում մտադրություն են հայտնել դաշինք կազմելու Եվրոխորհրդարանում: Գաղափարի հեղինակ՝ Իտալիայի ներքին գործերի նախարար և «Հյուսիսի լիգա» կուսակցության քարտուղար Մ. Սալվինին այս կապակցությամբ հայտարարել է․ «Մենք պատրաստվում ենք նոր ապագա կառուցել…, որը կփրկի Եվրոպան: Եվրոմիությունը երկար ժամանակ կառավարող բյուրոկրատներն ու բանկիրները թաղում են եվրոպական երազանքը»:

Եվրոպական աջ ուժերի համախմբման հիմքում շատերը տեսնում են դրանց միավորող հակամիգրացիոն դիրքորոշումը: Սակայն պետք է նկատել, որ արդեն տևական ժամանակահատված է, ինչ միգրացիոն հոսքերը կտրուկ նվազել են, հիմնախնդիրը կարծես թե չունի նախկին արդիականությունն ու սրությունը Ուրեմն ինչո՞ւմն է բանը:

Սալվինին Եվրոպայի «թիվ մեկ սպառնալիքը» համարում է իսլամական ծայրահեղականությունը:

Ի տարբերություն արևելաեվրոպական երկրներից ժամանած միգրանտների, արաբական ու աֆրիկյան ժողովուրդները ոչ միայն քաղաքակրթական առումով էապես տարբերվում ու հաճախ հակասությունների մեջ են մտնում եվրոպացիների հետ, այլև նրանց գերակշռող մեծամասնությունը չի էլ պատրաստվում ինտեգրվելու եվրոպական իրականությանը, նույնիսկ փորձում է սեփական արժեհամակարգը տարածել ու պարտադրել տեղաբնակներին: Այսինքն, առանց նոր միգրանտների էլ, Եվրոպան արդեն իսկ վերածվել է վառոդի տակառի, որի բիկֆորդյան քուղն ու հրահանը գտնվում են իսլամիստների ձեռքերում:

Կարծում ենք, որ աջ ուժերի դաշինքը Եվրոմիությանը պարտադրելու է նոր միգրացիոն քաղաքականություն, որի հիմնական թիրախը լինելու են ոչ այնքան միգրացիոն նոր հոսքերը ու դրանց կասեցումը (սա ինքնին պարզ է), որքան արդեն եվրոպական երկրներում տեղակայված միգրանտների կարգավիճակի հարցը՝ էապես խստացնելով պահանջները դրա նկատմամբ, ընդհուպ մինչև վտարման որոշակի մեխանիզմների մշակումը: Առայժմ գտնվելով միասնական քաղաքական ու տնտեսական կառույցի մեջ, եվրոպական տարբեր երկրների ղեկավարություններ տարբեր քաղաքական ու սոցիալական մոտեցումներ են ցուցաբերում միգրացիայի և միգրանտների նկատմամբ: Ավելին․ դեռևս ապրիլի սկզբին Միլանում կայացած եվրոպական ազգայնական ուժերի հավաքի ժամանակ վճռականություն արտահայտվեց «ոչ միայն Եվրոխորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու, այլև Եվրոպայում խաղի կանոնները փոխելու մասին»:

Խաղի կանոնների փոփոխության բաղկացուցիչներից կարող է լինել նաև Եվրոմիությանն անդամակցության շուրջ ընդհատված բանակցությունների իսպառ դադարեցումը Թուրքիայի հետ, որը նույնպես դիտարկվում է որպես իսլամիզմի տարածման աղբյուր: Խաղի կանոնների փոփոխությունը կարող է նաև խիստ արմատական բնույթ կրել՝ հարցականի տակ դնելով ինքնին Եվրոմիության գոյությունը: Չմոռանանք, որ դեռ ամիսներ առաջ ազգայնական ուժերի, մասնավորապես՝ ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մ. Լե Պենը և հոլանդական «Ազատության կուսակցության» ղեկավար Գ. Վիլդերսը, համատեղ մամուլի ասուլիսներում, կոնֆերանսների ընթացքում և այլ առիթներով հաճախ հայտարարում էին, որ «Բրյուսելը սպառնալիք է ներկայացնում մեր ազգային պետությունների գոյությանը»: Սրա հետ մեկտեղ նկատենք, որ եվրոպական մի շարք երկրներում աստիճանաբար աճում են Եվրոմիությանն անդամակցության նկատմամբ բացասական տրամադրությունները, որոնք հատկապես արմատացած են հասարակության ազգայնական ուժերին աջակցող շրջանակներում:

 

Լևոն Անդրիասյան