ԱՀ և ՀՀ խորհրդարանների նախագահները հանդիպել են

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընդգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը և Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:

Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երևանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային և ընթացակարգային հարցեր: