Հաղթանակի ոգին փոխանցվում է սերնդեսերունդ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացրել է նախարարի հետ հարց ու պատասխանը։

«Հաղթանակի խորհուրդը ոգու ուժն է, որովհետև բոլորս մեր ընտանիքներում ունենք մեր պապերին, տատերին, որոնք մասնակցություն, առնչություն են ունեցել,- ասել է ԱԳ նախարարը:- Մենք բոլորս գիտենք, թե որքան մեծ է եղել Հայաստանի, հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի մեջ, և այդ ոգին փոխանցվում է սերնդեսերունդ»:

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության մասին Զ․Մնացականյանն ասել է․«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հարց անհրաժեշտ է շատ զգուշավոր և մանրամասն քննել, հասարակական քննարկումներ անել, հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ, մինչ վերջնական որոշման գալը:

Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցների հայրենիքն է, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ ես բազմիցս նշել եմ, որ հայրենակիցներն ինչ-որ մի հավաքական տեսական հասկացություն չեն, այլ շատ կոնկրետ մարդիկ են՝ իրենց անվտանգության հարցերով, և Հայաստանը եղել և մնում է Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորը: Այդ առումով՝ ինչպես ենք մենք ապահովում այդ գերխնդիրը և ինչ գործիքներով ենք անում, դա միշտ եղել է և շարունակական հարց է»:

Միջոցառմանը ներկա էին նաև օտարերկրյա դիվանագետներ, և նախարարի փոխանցմամբ,  նրանք նշել էին, որ սա ոչ միայն միջոցառում է, որտեղ պաշտոնական գործառույթներ են իրականացվում, այլև սա իրական ոգու արտահայտություն է, հաղթանակի ոգու, ուրախության, հարգանքի բոլոր մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին: