Հայերի մասնակցությունը Մեծ հայրենականին

«Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»,- Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի գնահատականն է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ  զինվորին։ Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում հայ ժողովուրդի ունեցած մեծ ներդրման մասին ավելի խոսուն են թվերը։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից, 100 հազար հայ էլ մարտնչել է հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում։ Եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, կստացվի, որ հայերի 25 տոկոսը մարտնչում էր:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 103 հայ։ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Ըստ «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում տարված հաղթանակում» գրքի տվյալների՝ հայկական ծագումով գեներալիտետի՝ հայ մարշալների, ծովակալների, գեներալների ընդհանուր թիվը 162  է, որոնցից 68-ը բարձրագույն ռազմական կոչումներ է ստացել 1940-1945 թթ. խորհրդա-ֆիննական և խորհրդա-գերմանական պատերազմների ժամանակ, իսկ 94-ը հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ 1946-1997թթ.:

Նշենք, որ գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են՝ ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Նրանք են՝ ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ապա՝ բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը,  ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ: