Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգևների:

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարևորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով և դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: