Ջեմալ Փաշայի թոռը մեղադրվել է ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն համար

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3 360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) օգտին քարոզչություն անելու մեջ։

«Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին դատապարտել էր 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ ավելի վաղ նա ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու մեղադրանքով Ստամբուլի 22-րդ դատարանի որոշմամբ դատապարտվել էր 1 տարի 3 ամիս ազատազրկման։

Դատարանը նախ միավորել է երկու պատիժները, ապա դրանք փոխարինել դրամական տուգանքով։ Սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ նախկինում ևս դատարանի առաջ կանգնած լինելու հանգամանքը, դատարանը չի հետաձգել վճռի իրագործումը։

Հասան Ջեմալին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2015թ․ դեկտեմբերի 4-ին «T24» ընդդիմադիր թերթում Սիլվան բնակավայրի մասին նրա հրապարակած՝ «Նրանք վիշտն ու մահը մեզ համար այնքա՜ն սովորական են դարձրել» հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ այդ հոդվածում լրագրողը արդարացնում է ՔԲԿ-ի գործունեությունը, այդպիսով կատարելով ՔԲԿ-ի օգտին քարոզչություն: