Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ

ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունը։ Ուղերձում մասնավորապես գրված է․

«Հարգելի  հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:

Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ:

Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:

Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակներ՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»: