Մեզ ավելի ապշեցրեց այն, որ այլասերության քարոզով զբաղվող կազմակերպությունների ցանցը ղեկավարող որոշ անհատներ գտնվում են պետական օղակներում

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր հանդես է եկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանին, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաբյանին և այլ պաշտոնյաներին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է

«Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնությունն արդեն ամիսներ շարունակ ջանք չի խնայում հասարակությանը զգուշացնելու Հայաստանում այլասերության քարոզի վտանգի մասին:

Ժամանակի հետ ինքներս էլ ապշել ենք, տեսնելով Հայ Առաքելական Եկեղեցու, Հայկական ավանդական ընտանեկան արժեքների և հայ երեխայի դեմ գործող կազմակերպությունների քանակն, ակտիվությունը և ունեցած հսկայածավալ ֆինանսական միջոցները:

Զարմացանք նաև, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է այդ բոլոր կազմակերպություններն ու անհատները ֆինանսավորվում են գլխավորապես մեկ աղբյուրից՝ «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ից:

Մեզ էլ ավելի ապշեցրեց և մտահոգեց այն հանգամանքը, որ այլասերության քարոզով զբաղվող այս կազմակերպությունների ցանցը ղեկավարող որոշ անհատներ գտնվում են պետական օղակներում:

«Բաց Հասարակության Հիմնադրամ»-ի ամենաակտիվ գործընկերներից է տիկին Լառա Ահարոնյանը, ով միաժամանակ նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարն է և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Հոգաբարձուների Խորհրդի անդամը: Տիկին Լառան և նրա կողմից ղեկավարվող ՀԿ-ն անցած տասնամյակին վերոնշյալ աղբյուրից մի քանի հարյուր հազար դոլար են ստացել՝ Հայաստանի Հանրապետության դպրոցներում, մարզերում միասեռականություն, հղիության արհեստական ընդհատում, Արցախի ճակատում պարտվողականություն, Սփյուռքահայ/Հայաստանցի աղճատում, պառակտում և նման այլ ազգակործան գաղափարներ տարածելու համար:

Արդ, սույնով Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից դիմում ենք մեր պետությանն ու պետականությանը, նրա սահմանադրությանը, պետական օրենքին ու հասարակությանը պաշտպանելուն կոչված կառույցներին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և նրան հովանավորող «Բաց Հասարակության Հիմնադրամ»-ի Հայաստանյան անօրինական և հակասահմանադրական գործունեության բացահայտմամբ»: