Հրամանագրված մտերիմների անվամբ դուրս է գրվել 41 720 929 դրամ աշխատավարձ և հափշտակվել (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-2018 թթ․ հրամանագրվել են տարբեր հաստիքներով, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 720 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։

Քննությունը շարունակվում է։