Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 000 000 000 դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 դրամ մաքսատուրք և հարկ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 8-ին բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կայացրել էր երկամսյա կալանքի որոշում։