Վարչապետն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասավանդման հարցին

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարևորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ: «Անհրաժեշտ է գալ համատեղ որոշումների՝ որպես ելակետ ընդունելով մեր ազգային և պետական շահերը, այն խնդիրները, որ մենք այսօր առաջադրել ենք: Պետք է փորձել յուրաքանչյուր իրավիճակն այսօրվա մեջ հասկանալ և լսել բոլոր փաստարկները, որոշումների կայացումը թողնել հենց փաստարկներին, այսինքն՝ կամայական որոշումների դաշտից մենք պետք է դուրս գանք և հստակ փաստարկված, հիմնավորված որոշումներ կայացնենք: Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ»: