Այս տարի ոռոգման ջրի խնդիր չի լինելու

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ մինչև հուլիս 1-ը Սևանա լճի ջրի մակարդակը կբարձրանա 45 սմ-ով։ «Հիմա արդեն սկսվում է երկու օրում 1 սմ բարձրանալու պրոցեսը»,- նշեց նախարարը` հավելելով, որ մայիսին տեղումնառատ եղանակ է կանխատեսվում, բացի դրանից լեռներում ձյան հալոցքը նոր է սկսվելու։

«Կարելի է արձանագրել, որ բոլոր տեղերում մենք ունենք շոշափելի պաշարներ, ընդ որում` այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ։ Որ ուշադիր նայենք` լեռներում ձյունը դեռ նստած է»,– ասաց վարչապետ Փաշինյանը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ ոռոգման սեզոնին ընդառաջ մեկնարկել են նաև ջրանցքների, գետերի հուների մաքրման աշխատանքները։

Ամփոփելով Հայաստանի ջրային պաշարների թեման` վարչապետը հայտարարեց, որ այս տարի այն բացառիկ դեպքն է, երբ «մեր բախտը բերում է»։

Ի պատասխան՝ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ գլոբալ տաքացման վերաբերյալ միջազգային հետազոտությունների համաձայն` մինչև 2030թ. տարածաշրջանում գետային հոսքը նվազելու է շուրջ 30 տոկոսով։ Մյուս կողմից Սև ու Կասպից ծովերից գոլորշիացման ավելացումը կարող է ակտիվ տեղումներ ու ջրհեղեղներ առաջացնել Հայաստանում։