«Լուսավոր Հայաստանի» առաջարկած թափանցիկության նախագիծը մերժվեց

Այսօր կառավարության նիստում, արձագանքելով պետական պաշտոնյաների ծախսերը հրապարակելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, բայց՝ ոչ այդ աստիճան։

Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների օրվա գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ավելի լավ կրակում, ով` ավելի վատ և կից խորհրդատվություն, թե ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ»,- նշեց Փաշինյանը։

Այդուհանդերձ, վարչապետը հիշեցրեց, որ պետական պաշտոնյաների ծախսերը թույլատրելի առավելագույն սահմաններում այսօր էլ հրապարակվում են։

«Բայց կա մի կետ, որից ավելի բացել հնարավոր չէ։ Որովհետև դա ոչ միայն Հայաստանի հանրության, այլև Հայաստանից դուրս բոլոր պոտենցիալ հետաքրքրվողների համար ևս կբացվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագծում նշված է. «Պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների կառուցվածքը և ծախսերը գաղտնազերծել և դարձնել հանրության համար հասանելի»։

Կառավարությունը քննարկումից հետո որոշեց մերժել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության օրենսդրական առաջարկը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս գործադրին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց։