Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը

Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ աշխատողի տարիքը չի կարող պատճառ դառնալ նրա հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար՝ ընդգծելով, որ ցանկացած խտրականություն, այդ թվում` տարիքային, արգելված է Սահմանադրությամբ։

«Բայց մենք ամեն օր նման ահազանգեր ենք ստանում, որ նման խտրականության դրսևորումներ, այնուամենայնիվ, աշխատաշուկայում տեղի են ունենում»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ Սահմանադրությունը պետք է կիրառվի, բայց և անհրաժեշտ համարեց խտրական վերաբերմունքն արգելող դրույթի առկայությունը նաև Աշխատանքային օրենսգրքում։

«Մենք այսօր ունենք խտրական վերաբերմունքի դեպքեր, մասնավորապես` սեռով պայմանավորված և տարիքային սահմանափակումներով պայմանավորված։ Գործատուներն այդ պրակտիկային երբեմն դիմում են, բայց նաև Աշխատանքային օրենսգրքի սկզբունքները թույլ չեն տալիս արդյունավետ պաշտպանություն իրականացնել»,- ասաց Թաթոյանը։

Նշենք, որ քննարկման առիթը Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն էր` ՀՀ աշխատանքային օրենսգրքում տարիքային խտրականությունն արգելող հոդված ներառելու վերաբերյալ։

Քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկը։ Բայց վարչապետը ՀՀ ՄԻՊ-ին ու սոցապնախարարին առաջարկեց հեղինակի հետ քննարկել ու դիտարկել ոչ միայն տարիքային, այլև մյուս բոլոր հնարավոր խտրականությունների դեպքերը և դրանք արգելելու մասին նոր նախագիծ մշակել։