Կարևորվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրների բացահայտմանն ուղղված լաբորատոր կարողությունների հզորացումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի եվրոպական երկրների համակարգող Նաիյլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԿԵ ՍԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, մշակվող եվրոպական ստանդարտների և ԵԱՏՄ ստանդարտների համապատասխանեցման հնարավորությունները, կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավման անհրաժեշտությունը:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է ՍԱՏՄ կառուցվածքը, ինչպես նաև այն հիմնական խնդիրները, որոնց լուծման համար այսօր ներդրվում են մեծ ջանքեր: Նա անդրադարձել է հատկապես սննդամթերքի անվտանգությանն սպառնացող քիմիական վտանգներին, մասնավորապես, անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցներին, հատկապես հակամանրէային միջոցներին, պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային քանակներին, քիմիական աղտոտիչներին և այլ մտահոգող խնդիրների:

Նաիյլյա Կարսիբեկովան տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են բոլոր 52 անդամ-երկրներին ընտրել «Կոդեքս Ալիմենտարիուսի» շրջանակներում գործող 17 հանձնաժողովներից իրենց հետաքրքրողները, անդամակցել դրանց և մասնակցել քննարկումներին ոչ միայն էլեկտրոնային հարթակների միջոցով, այլև ազգային համակարգողների անմիջական մասնակցությամբ՝ բոլոր կողմերի և փորձագետների հետ համապատասխան ստանդարտների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:

Կարևորվել է ազգային մոնիթորինգային ծրագրերի իրականացումը և լաբորատոր կարողությունների հզորացումը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրների բացահայտմանը, կանխարգելմանն ու լուծմանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, ծանոթացել նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաների աշխատանքին: