Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

2019թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:

Այնուհետև կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, ապա` ընդլայնված կազմով հանդիպումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է. «Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»։ Վարչապետի խոսքով՝ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով»։

Վարչապետը կարծիք է հայտնել նաև, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը:

«Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը,- շեշտել է Փաշինյանը,- որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը:

Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այստեղ: