Կոտայքում գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի գումարներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության լրատվական ծառայությունը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ․-ն և Ն.Հ․-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1 932 000 դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ն.Հ․-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատան  հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ:

Կատարվում է նախաքննություն: