ՀՀ ոստիկանության «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը՝ միջազգային փառատոնի հաղթող (տեսանյութ)

Օրերս Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տեղեկացմամբ, հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում:

Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում միջազգային փառատոնի ժյուրին որոշեց հաղթողներին:

Մեր ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող ճանաչվեց «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Մրցանակն ստացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և դիպլոմների արժանացան նաև Մեծ Բրիտանիայի, Շրի Լանկայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի ներկայացուցիչները: