«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենի կողմից  առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն այն մասին, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 000 000 դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը:

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը, 2010թ․զբաղեցնելով նշված պաշտոնը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում` 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ը, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325 600 000 դրամ գումար:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիմնադրամի տնօրենը, յուրացման եղանակով հափշտակված նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226 464 209 դրամ գումարը մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ` հաշվից հաշիվ փոխանցելու` քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է։

Մասնավորապես, 14.05.2013-15.03.2018թթ. հիմնադրամի գործադիր տնօրենը 251 գործարքով նշված գումարը կանխիկ փոխանցել է իր ընտանիքին պատկանող, մոր անվամբ գրանցված ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Այնուհետև՝ 15.05.2013-29.12.2016 թթ. հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարից 116 գործարքով 539 332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հաշվեհամարներին, որից հետո այս ընկերությունն իր հաշվեհամարներից 14.05.2013-30.12.2016 թթ. 108 գործարքով 490 583 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է գործադիր տնօրենի կնոջ՝ Հայաստանում գտնվող հաշվեհամարին, ապա նույն հաշվից 14.05.2013-30.12.2016 թթ. 111 գործարքով 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվեհամարին, որը կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով վերջինս օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: