Բռնվել է կաշառք ստանալու պահին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ․ ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ:

ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ․-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017թ․հունիսից 2019թ․ ապրիլի 26-ը  պարբերաբար որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4 265 800 դրամին համարժեք գումար:

Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:  Օպերլիազորը ձերբակալվել է։