Սուղ միջոցներով կատարվել է գրեթե անհնարինը․ սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմն սկսել է Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի շինության տարածքը՝ պատնեշի դեր կատարելով հակառակորդի ուղղակի կրակի դեմ։ Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը պատմել է, որ հրազենի հետքերը դեռ թարմ են հենակետի պատերի վրա, ուրախությամբ նկատելով, որ գյուղն ու մանկապարտեզի սաները հենակետի տղաների շնորհիվ առավել քան պաշտպանված են և հուսալի ձեռքերում։ Համայնքի ղեկավարը նաև հավաստիացրել է, որ համայնքն ուժերի ներածին չափ կանգնած է տղաների կողքին, և հենակետում առկա խնդիրները մեկը մյուսի հետևից լուծում կստանան։

ՓԾ անձնակազմը եղել է նաև Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների հենակետերում։ ՔՊ բոլոր հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը նույնպես խորհրդանշական դիրք ունի, այն գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

Այցի շրջանակներում ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են հենակետերի անձնակազմերի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման, տարածքների մաքրության, զենքի և զինամթերքի պահպանման մանրամասնությունները։

Աշխատանքային այցի ավարտին Ա. Նահապետյանն արդյունքներն ամփոփելու նպատակով խորհրդակցություն է գումարել մարզային փրկարարական վարչությունում։ Նա բարձր գնահատական է տվել ՔՊ հենակետերի անձնակազմի կատարած աշխատանքներին՝ նշելով, որ այս փրկարարները պետք է օրինակ լինեն բոլոր ստորաբաժանումների համար։

«Այս տղաներն իրենց օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարելի է սուղ միջոցներով կատարել գրեթե անհնարինը,- ասել է ՓԾ տնօրենը։ Ֆիզիկական և մտավոր բարձր պատրաստվածությունը, շենք-շինությունների բարեկարգ վիճակը, կարգուկանոնի պահպանումը և ջանասիրաբար ծառայելն այսպիսի վտանգավոր գոտիներում պետք է խթան հանդիսանան մեզ համար, որպեսզի բոլորս այսօրինակ լրջությամբ վերաբերվենք մեր գործին։ Միայն շնորհիվ նշվածի մենք կարող ենք բարձր պահել փրկարարի անունն ու կոչումը»։

Ա. Նահապետյանը հավելել է, որ այսպիսի այցերը կկրեն պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ տարածքային այլ ստորաբաժանումներ կատարվելիք շրջայցերից հետո կվերադառնա նույն ոգևորությամբ և հիացմունքով։