Թրամփի երեկվա որոշումը վտանգավոր է նաև Հայաստանի և Արցախի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ «Զենքի ազգային միության» նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս «Զենքի առևտրի միջազգային պայմանագրից»: Թրամփի այս որոշումը որոշակի վտանգ է պարունակում նաև Հայաստանի և Արցախի համար, որովհետև դյուրացնում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի (ընդ որում, առանց այդ մասին հայտարարելու, և առանց վերահսկողության) դեռ գործող արգելքի վերացումը: Թեև ԱՄՆ-ն այդ դեպքում կարող է թույլատրելի համարել զենքի վաճառքը նաև Հայաստանին և նույնիսկ առաջարկել գնել դրանք, բայց ո՞ւմ պարզ չէ, որ այն ՀՀ-ի համար մատչելի գներով չի առաջարկվի, այսինքն՝ կլինի ձևական առաջարկ:

Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ն առաջիկայում կստանա «Զենքի առևտրի միջազգային պայմանագրից» դուրս գալու մասին ԱՄՆ-ի պաշտոնական դիմումը, Թրամփն ընդգծել է, որ իր կառավարությունը թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ի անկախությունը զոհաբերվի:

ԱՄՆ-ի նախագահը նույն նիստում ստորագրել է «Զենքի առևտրի միջազգային պայմանագրից» այդ երկրի դուրս գալու վերաբերյալ հրամանագիրը: Դոնալդ Թրամփի վերոնշյալ որոշումը խիստ բացասական արձագանքի է արժանացել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև հենց ԱՄՆ-ում: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ «Զենքի առևտրի միջազգային պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշումը կեղծ հաշվարկ է և վնասելու է երկրի ազգային շահերին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը դատապարտելով ԱՄՆ-ի վերոնշյալ քայլը, հայտարարել է. ««Զենքի առևտրի միջազգային պայմանագիրը‰ միակ համաշխարհային մասշտաբի գործիքն է, որի նպատակն է  բարելավել զենքի միջազգային առևտրի թափանցիկությունը և վերահսկել այն»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013թ. ապրիլին մեծամասնությամբ հավանություն տվեց «Զենքի առևտրի միջազգային պայմանագրին», որը վերաբերվում է սովորական (ոչ միջուկային) սպառազինությանը: Այդ ժամանակ,ԱՄՆ-ն, որը հանդիսանում է աշխարհում սպառազինություն արտահանող ամենախոշոր երկիրը, կողմ է քվեարկել պայմանագրի օգտին, չնայած դրան ԱՄՆ-ի «Զենքի ազգային ասոցիացիայի» ընդդիմությանը:

Պայմանագրի նպատակն է կարգավորել 70 միլիարդ դոլարի հասնող զենքի առևտուրը և մարդու իրավունքները ոտնահարողներին զենքից զերծ պահել: Թրամփի կառավարությունը մինչ այժմ լքել է բազմաթիվ երկկողմ, բազմակողմ և միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ «Փարիզի կլիմայական պայմանագիրը»: