Բուհում ուսանելու ընթացքում աշխատող ուսանողները ստացվում է, որ սովորում են դիպլոմի համար (տեսանյութ)

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը LIVEnews.am-ի տաղավարում խոսեց կրթության ոլորտում առկա բացթողումների ու խնդիրների մասին՝ անդրադառնալով նաև օրերս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ արծարծված որակյալ կադրեր թողարկելու հարցին։ Ըստ Սերոբ Խաչատրյանի, որակյալ կադրեր ունենալու համար նախ պետք է փոխել մեր կրթական համակարգը, որը խթանում է Հայաստանից մտավոր ներուժի արտահոսքը։

Կրթության փորձագետն ասաց, որ մեզանում ուշադրությունը բևեռված է միջին դպրոցի վրա, այնինչ որակյալ կրթություն ապահովելու համար հարկավոր է երեխային համապատասխան հաստատություններում խորացված ու համակարգված կրթություն տալ դեռ նախադպրոցական տարիքից։

Մեր զրուցակցի համար անընդունելի է, որ ՀՀ կառավարությունը բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով խրախուսում է ՊԵԿ-ի և իրավապահ համակարգի աշխատողներին, բայց անտեսում կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին ու դասախոսներին։ Մինչդեռ բոլոր ոլորտներում որակյալ, մասնագիտական ներուժով կադրերի առկայությունը հնարավոր է ապահովել միայն կրթական համակարգում բարձր որակի, գնահատված մասնագետներ ունենալու միջոցով։