«Շոկոլադային հեղափոխական» Պորոշենկոն սադրում է․․․

Եվրոպայում ԱՄՆ-ի խամաճիկներից մեկը՝ ժամանակակից Ուկրաինան, նոյեմբերի 25-ին փորձեց Ռուսաստանի Զինված ուժերի «նյարդերի հետ խաղալ»։ Իրավիճակը լուրջ էր․ ուկրաինական ՌԾՈՒ-ի երեք նավ մտան Ռուսաստանի տարածքային ջրերն ու լրիվ ընթացքով շարժվեցին դեպի Կերչի նեղուց։ Ազովի ծովի կողմից նրանց ընդառաջ էին շարժվում ևս երկու զրահապատ կատեր։ Դժվար է ասել, թե նրանց ինչ մարտական առաջադրանք էր տվել Ուկրաինայի ՌԾՈՒ-ի հրամանատարությունը։ Չի բացառվում, որ նրանք նպատակ ունեին պայթեցնել Ղրիմի կամուրջը։ Հնարավոր է, որ դա ընդամենը սադրանք էր։ Թե որն էր սադրանքի նպատակը, ակնհայտ դարձավ նոյեմբերի 26-ին։ Կերչի նեղուցի մոտ ուկրաինական նավերի կալանավորումից հետո միանգամից երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռ սկսեցին հետախուզական թռիչքներ կատարել Ղրիմի ափերի մոտ։

Սկզբում, նոյեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով 8։50-ին Սև ծովի վրա հայտնվել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ռադիոէլեկտրոնային հետախուզության «Boeing RC-135V» ինքնաթիռը։ Այն թռել էր հունական Կրետե կղզու ավիաբազայից և ուղղվել դեպի Ղրիմի ափեր։ Ռադիոէլեկտրոնային հետախուզության և աերոֆոտոնկարահանման այդ ինքնաթիռը, որն օգտագործվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ բոլոր զինված բախումների ժամանակ, կիրառվում է օտարերկրյա ռազմական տեխնիկայի, ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի մասին տեղեկություններ հավաքելու և ռադիոհետախուզության համար, օգտագործվում է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր համակարգերի նախագծման ժամանակ։ «Aircraft Spots» ավիաբլոգը հրապարակել է այդ ինքնաթիռի ընթացիկ երթուղին։ Ըստ դրա, «Boеing RC-135V»-ը մտել է Նովոռոսիյսկի կողմից, անցել է Կերչի նեղուցի մոտով և շարունակել ընթանալ Ղրիմի ափերով՝ Ռուսաստանի օդային սահմանի մոտով։

Ղրիմի ափերի մոտ հայտնվել է ևս մեկ հետախույզ-ինքնաթիռ՝ ռազմավարական նշանակության հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ «RQ-4B Global Hawk»-ը։ Այդ ԱԹՍ-ն հայտնի է նրանով, որ նրա նախագծման համար «Teledyne Ryan Aeronautical» մասնավոր ընկերությունը ծախսել է 13 մլրդ դոլար, «RQ-4B Global Hawk»-ը կարող է շարժվող օբյեկտները հայտնաբերել 100 կմ շառավղով տարածքում, նկարահանվածն անմիջապես հաղորդել վերգետնյա կայանին։ Նոյեմբերի 26-ի ցերեկը նույնպես, «Aircraft Spots»-ի տվյալներով, «RQ-4B Global Haw»k-ը թռիչքներ է իրականացրել Դոնբասի սահմանազատման գոտու երկայնքով և հասել է մինչև Բերդյանսկ, որտեղից կարող էր «շոշափել» իրավիճակը գրեթե ամբողջ Ազովի ծովով մեկ։ Հիշենք, որ դեռևս անցյալ տարի ամերիկյան ռադիոհետախուզության ակտիվությունը Ռուսաստանի հարավում աճել էր երկրաչափական պրոգրեսիայով։ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը տարածաշրջանում փորձում են ֆիքսել բոլոր զինվորական տեղաշարժերը։

Դատելով ամերիկյան հետախուզական ինքնաթիռների թռիչքների ուղերթներից, Պենտագոնը հետաքրքրվում է ոչ միայն ռուսական զինվորականների հնարավորություններով և հետախուզական գործողություններին նրանց արձագանքով, այլև ռազմավարական ծրագրերով, որոնք իրականացվում են Ռուսաստանի հարավում։ Այսպես, ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել նաև Սև ծովի հյուսիս-արևմտյան մասի գազարդյունահանող պլատֆորմների մոտ, որոնցից գազը մատակարարվում է թերակղզի։ Բացի դրանից, հետախույզ-ինքնաթիռներն ավելի վաղ շատ մոտ թռել Կերչի նեղուցին, ուր կառուցվում էր կամուրջը։ Իսկ, օրինակ, այս տարվա հունվարից սկսել են թռչել նաև Նովոռոսիյսկի մոտ, ուր կիսաընկղմված վիճակում լողացող «Scarabeo 9» ստորջրյա հորատման սարքը հորանցքեր էր բացում «Ռոսնեֆտի» և իտալական «Eni»-ի համար։ Այս ամենը նշանակում է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն արդեն թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի կողմից։ Հիշեցնենք, որ Ռոստովի ու Կրասնոդարի մարզերը ՌԴ Հյուսիս-Կովկասյան (Հարավային) դաշնային տարածքի բաղկացուցիչներն են և, ի վերջո, Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգի զորքերի տեղաբաշխման հիմնական տարածքներն են ու ՌԴ Սևծովյան նավատորմի (ՍԾՆ) հիմնական բազաները։

Ինչպես հաղորդեց ТАСС գործակալությունը, Ռուսաստանում Ուկրաինայի գործերի Ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Եվ հասկանալի է, թե ինչ է նրան հայտարարվել և ինչ բովանդակության բողոքի նոտա ներկայացվել։ Կատարվածի առնչությամբ ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է․ «Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման և դրան հետևած իրադարձությունների հետ կապված՝ նոյեմբերի 26-ի առավոտյան Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստի շտապ գումարման հարցում է արել»։ Կանխավ կարող ենք ենթադրել, որ այդ քննարկումը շատ բան չի տա․ ԱՄՆ-ը լիովին Կիևի ֆաշիստական ռեժիմի կողմն է։ Ընդ որում, Ռուսաստանի դեմ ուկրաինական սադրանքները հիանալի առիթ են Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար։

Ուկրաինական ծովահենները (լեզուս չի պտտվում նրանց ծովայիններ կամ նավաստիներ անվանել) նոյեմբերի 25-ին ամբողջ օրը կրակի հետ են խաղացել, չեն ենթարկվել ՌԴ տարածքային ջրերը լքելու ռուսական նավաստիների հրամաններին։ Նոյեմբերի 25-ի երեկոյան ՌԴ ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնը հայտարարեց, որ ուկրաինական «Նիկոպոլ», «Բերդյանսկ» և «Յանի Կապու» նավերը, որոնք ժամանակ առաջ խախտել էին ռուսական սահմանը, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին հերթական անգամ փորձել են անօրինական գործողություններ ձեռնարկել, անուշադրության մատնելով վտանգավոր մանևրերը դադարեցնելու ՍԾՆ-ի և սահմանապահների օրինական պահանջը։

«Ուկրաինական ռազմանավերը հարկադրաբար կանգնեցնելու համար զենք է կիրառվել,- նշված է ԱԴԾ հաղորդագրության մեջ։- Արդյունքում՝ Ուկրաինայի ՌԾՈՒ-ի բոլոր երեք նավերը կալանքի տակ են։ Ուկրաինական ԶՈՒ-ի երեք վիրավորված զինծառայողներին բժշկական օգնություն է տրվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Ավելի ուշ հաղորդվեց, որ նավերը կտարվեն Կերչ։ Ազովի ծովի կողմից դեպի Ղրիմի կամուրջ ընթացող ուկրաինական երկու զրահապատ կատերները նախընտրել են շրջվել ու վերադառնալ իրենց նավահանգիստ։ Բարդ իրավիճակի պատճառով ռուսական իշխանությունները ժամանակավորապես արգելել են Կերչի նեղուցով նավագնացությունը և կանգնեցրել են շարժումը Ղրիմի կամրջով։ Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի՝ Ռուսաստանին սահմանակից բոլոր տարածքներում 30 օրով զինվորական դրություն է մտցրել։

«Սա զարմանալի բան է, երբ դու ապօրինի հատում ես ուրիշի սահմանը և հետո մեղադրում ես երկրին ագրեսիայի մեջ, թեև ցանկացած պետություն պարտավոր է և ձգտում է պաշտպանել իր սահմանը»,- ընդգծել է ՌԴ Պետդումայի Անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը։

Ռուսաստանի պետական սահմանը խախտողներին դատ է սպասվում։ Իսկ աշխարհը կհետևի իրավիճակին՝ հայացքը սևեռած ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Այնուհանդերձ, երևի թե բոլորի համար էլ պարզ է, որ քանի դեռ Կիևում իշխանության գլուխ է «հեղափոխական» և «շոկոլադային օլիգարխ» Պորոշենկոն, խաղաղությունն ու կայունությունը շուտ չէ, որ կվերադառնան Ուկրաինա և ռուս-ուկրաինական սահմաններ։

Նոյեմբերի 26-ին Կրեմլի գնահատականը բարձրաձայնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ «Ռուսաստանի նախաձեռնությամբ հարցը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Խոսքը գնում է շատ վտանգավոր սադրանքի մասին։ Իհարկե, այն հատուկ ուշադրություն, հատուկ քննություն է պահանջում»։

Համոզված ենք, որ Սև և Ազովի ծովերում կլինի «ուկրաինական բալետի» շարունակություն։

 

Սերգեյ Շաքարյանց