Իսրայելը երկյուղում է, որ Ռուսաստանը Լիբանան կմտնի

Իսրայելական «Հաարեց» թերթը հրապարակել է Ամոս Արիելի վերլուծական հոդվածը Սիրիայում և Լիբանանում Ռուսաստանի շահերի մասին, ընդ որում, իսրայելցի հեղինակը, որքան էլ զարմանալի է, փորձում է օբյեկտիվ երևալ, թեև չի թաքցնում իր ափսոսանքն առ այն, որ ռուսական քաղաքականության վերադարձը Մերձավոր Արևելք զգալիորեն կաշկանդել է Իսրայելի նախաձեռնությունները։

Հեղինակը նշում է, որ վերջին տարիներին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գործելով Սիրիայում, ձգտում էր արգելակել Իրանի ռազմական ներկայությունն այդ երկրում։ ՑԱԽԱԼ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (իրանական ընտրյալ ռազմաքաղաքական ստորաբաժանում, ԻՀՊԿ) միջև ձմռանն ու ամռանը շատ ընդհարումներ եղան։ «Ընդհարում» կոչվածները, երևի, իսրայելական օդուժի և հրթիռային հարվածներն էին Սիրիայի տարածքին, այդ թվում՝ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին։ Օրինակ, սկսած 2012 թվականից, իրանական մամուլը ոչ մի անգամ չի հայտնել ցամաքում ՑԱԽԱԼ-ի և իրանական զինվորական որևէ ստորաբաժանման միջև ընդհարման մասին։ Ընդհակառակը՝ իրանցիները, ոչ առանց ուրախության, հայտնում էին օտարերկրյա հատուկ ջոկատայինների ու վարձկանների մեծ խմբերի գերեվարման մասին (2016 թ․՝ Արևելյան Հալեպում, և 2018 թ․՝ Գուտայում), այդ թվում նաև՝ իսրայելական հատուկ ջոկատայինների։ Նման տեղեկատվության հարևանությամբ, մի տեսակ «ձեռքի հետ», բայց ակնարկելով, ցուցադրում էին կադրեր, որոնցում ԻՀՊԿ–ի «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին քաղաքացիական հագուստով և առանց թիկնապահների, շրջում է, ասենք, նոր ազատագրված Արևելյան Հալեպի փողոցներով․․․

Նշեմ, որ իսրայելական ԶԼՄ-ներն էլ երբեք չեն գրել, որ իրենց զինվորականները մարտական գործողությունների մեջ են մտել իրանցիների հետ։ Այնպես որ, «ընդհարումները», ինչպես մենք ենթադրում ենք, միայն այն դրվագներն են, երբ իսրայելցիները հարվածել են լիբանանյան «Հըզբոլա» կուսակցության մարտական ստորաբաժանումներին, քանզի Իսրայելը համոզված է, որ այդ կուսակցությունը ղեկավարվում է Իրանի կողմից։ Ամոս Արիելը գրում է, որ Սիրիայում Բաշար Ասադի դիրքերի ամրապնդումից և սիրիական ՀՕՊ ուժերի կողմից ռուսական Ил-20 հետախուզական ինքնաթիռի կործանումից հետո իրավիճակը փոխվել է։ Թեև ՑԱԽԱԼ-ի գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, վերջին ամիսներին հայտնվել են Իսրայելի կողմից Սիրիային առնվազն երկու անգամ հարվածելու մասին։

Իսրայելի մեծագույն ջանքերի շնորհիվ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումը չհանգուցալուծեց ճգնաժամը։ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ մոտակա ժամանակներում այլևս չի ծրագրում հանդիպել Նաթանյահուի հետ։ Ավելին․ Վլադիմիր Պուտինը վերջերս նշել է լիբանանյան իրադարձությունների հանդեպ աճող հետաքրքրությունը։ Ռուսաստանը կարող է էլ ավելի խառնել Իսրայելի խաղաքարտերը, իրական կամ քաղաքական «պաշտպանիչ հովանոց» տալով Լիբանանին։ Հրապարակման մեջ նշվում է, որ, համաձայն արաբական ԶԼՄ-ների, Իսրայելի օդուժը սկսած 2014թ․ փետրվարից, Լիբանանին ավիահարվածներ չի հասցրել։

Այնուհետև իսրայելցի հիշյալ փորձագետը հղում կատարելով իսրայելական այլ ԶԼՄ-ներին, փորձում է կանխատեսումներ անել Իսրայելի ՌՕՈՒ-ի զարգացման ուղղությամբ։ Եվ հասկանալի է, թե ինչու․ չէ՞ որ Ռուսաստանի կողմից Սիրիայի ՀՕՊ-ին С-300 զենիթա-հրթիռային  համակարգեր հանձնելն արդեն անշրջելի փաստ է։ Ամոս Արիելի խոսքերով, F-35I Adir կործանիչների առաջին էսկադրիլիան ստանալուց հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը և ՌՕՈՒ-ն դիտարկում են «Boeing» (ԱՄՆ) ընկերության հետ գործարք կնքելու հնարավորությունը։ Գործարքը թույլ կտա գնել F-15IA կործանիչներ, «Chinook» տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև V-22 կոնվերտոպլաններ և KC-46 օդային լցավորման տանկերներ։ Գործարքի գինը կարող է հասնել 11 մլրդ դոլարի։ 2016 թ․ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքվեց ռազմական օգնություն ցուցաբերելու մասին պատմական փաթեթը, որի համաձայն, Իսրայելը 10 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներից 38 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն կստանա։ Գործարքի գումարները կտրվեն այդ փաթեթից։

Այս պահի դրությամբ Իսրայելի ՌՕՈՒ-ն ստացել է 12 հատ «Lockheed Martin» ընկերության հավաքած F-35I Adir կործանիչներ։ Սպասվում է, որ հինգերորդ սերնդի նույն այդ կործանիչների քանակը մինչև 2024 թ․ իսրայելցիների մոտ կհասնի 50 միավորի։ «Boeing»-ից F-15IA կործանիչներ գնելու իսրայելցիների ցանկությունը կապված է, նախկին մոդելների համեմատ, շահագործման ավելի քիչ ծախսերի հետ, ինչպես նաև այն բանի, որ այս կործանիչի հին (F-15) մոդելները գնվել են դեռ 70-ական թվականներին, իսկ F-15I-երն արտադրվել են 90-ականներին։ Բացի դրանից, Իսրայելը շահագրգռված է ուղղաձիգ թռիչքի ու վայրէջքի հնարավորություններ ունեցող F-35B ինքնաթիռներ գնելու մեջ։ «Boeing» ընկերությունը Իսրայելին առաջարկում է նաև գնել KC-46 տանկերներ, որոնք նախագծվել են քաղաքացիական «Boeing 767»-ի բազայի վրա։ КС-46-ի բաքի տարողունակությունը  207 000 ֆունտ վառելիք է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 12 000 կմ, օդում վառելիքով կարող է լրալցավորել 64-ից ավելի ինքնաթիռներ։ Մինչև 2025 թ․ Իսրայելը մտադիր է նաև խոշորատոննաժ «Sikorsky CH-53 Sea Stallion Yas’ur» ուղղաթիռները փոխարինել «CH-47F Chinook»-ներով։

Թեև Ամոս Արիելը ուղղակիորեն այդ մասին չի գրել, բայց մենք տեսնում ենք, որ Թել Ավիվը ստիպված խոստովանում է․ ոչ միայն Ռուսաստանի անմիջական ներկայությունը Սիրիայում, այլև այդ երկրում ռուս-իրանական համագործակցությունը խանգարում են Իսրայելին ու կապում ՑԱԽԱԼ-ի ձեռքերը։ Վլադիմիր Պուտինի անթաքույց հետաքրքրվածությունը Լիբանանով արդեն լրջորեն անհանգստացնում է Իսրայելին ու, պետք է կարծել, նաև ԱՄՆ-ին։

Մոսկվայի տեսանկյունից, իհարկե, Բեյրութում և Տրիպոլիում ռազմահանգրվանների տեղակայումը վատ օգնություն չէր լինի Սիրիայի «Տարտուս» ռազմահանգրվանն ամրացնելու համար։ Լիբանանում ռազմահանգրվանների տեղակայումը համադրության մեջ հուսալի հիմք կդառնա ՌԴ Սևծովյան նավատորմի՝ մի քանի տարի առաջ վերստեղծված Միջերկրածովյան էսկադրայի տեղակայման ու ծավալման համար։ Այսինքն՝ ՌԴ նախագահի՝ Լիբանանով հետաքրքրվածության մեջ ռազմա-ծովային բաղկացուցիչ չտեսնելը քաղաքական ու ռազմական կարճատեսություն  կլինի։

Իսկ, այ, հարցը, թե Իսրայելում ինչո՞ւ են այդքան անհանգստացած Սիրիայի ու Լիբանանի հանդեպ Մոսկվայի հետաքրքրվածությամբ, առայժմ մնում է անպատասխան։ Հղումներն առ այն, որ Ռուսաստանը խանգարում է Իսրայելին «պայքարել Իրանի ռազմական ներկայության ամրացման դեմ», հիմնազուրկ են։ Անցյալ տարվա նոյեմբերին նույնիսկ Իսրայելի պաշտպանության նախարար (այժմ արդեն՝ նախկին) Ավիգդոր Լիբերմանն էր  խոստովանում, որ Սիրիայում իրանական ներկայություն գոյություն չունի, բացի այն շրջանակներից, որոնք վերապահված են իրանա-սիրիական պայմանագրերով։ Այսինքն՝ Իրանից Սիրիայում ներկա են միայն N քանակի զինվորական փորձագետներ և խորհրդականներ։ Այլ բան է, որ Հնդկաստանից, Պակիստանից, Աֆղանստանից, Իրաքից եկած բազմաթիվ շիայական կամավորական խմբավորումներին Իսրայելն ընկալում է որպես «Իրանի ռազմական ներկայություն»։ Սակայն, բոլորն էլ հիանալի հասկանում են, որ նշված երկրների շիա քաղաքացիներն աշխարհի և ոչ մի դատարանով չեն կարող համարվել Իրանի քաղաքացիներ, առավել ևս՝ իրանական զինուժի զինծառայողներ։

Վախի աչքերն, ինչպես հայտնի է, մեծ են։ Մինչդեռ, Իսրայելին հարկ է մտածել, որ Սիրիայում միգուցե հենց Ռուսաստանի ներկայությունն է, նաև՝ ռուսների հնարավոր մուտքը Լիբանան, որ կզսպի տեղի շիաների նախաձեռնությունները, իսկ դա կնշանակի ինչ-որ չափով նաև՝ Իրանի նախաձեռնությունները։

Այն, որ Մոսկվայի հետաքրքրվածությունը Լիբանանով հաստատ կխառնի Իսրայելի ու ԱՄՆ-ի մերձավորարևելյան խաղաքարտերը, կասկած չի հարուցում։ Համապատասխանաբար անխուսափելի կլինի լարվածության ուժգնացումը նաև Մերձավոր Արևելքին հարող երկրներում և տարածաշրջաններում։  Դա ամբողջապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ ամբողջ Այսրկովկասին։

 

Սերգեյ Շաքարյանց