Կառավարությունը հակասոցիալական քաղաքականություն է իրականացնում

Մեր զրուցակիցն է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

 

Կառավարությունը հրապարակել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, որտեղ առկա են, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր որակել, շրջադարձային փոփոխություններ: Ըստ նախագծի, նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական, համահարթ դրույքաչափին` 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից այն բոլորի համար սահմանելով 23 տոկոս: Դուք եկամտային հարկի այս համակարգին դեմ եք արտահայտվել՝ նշելով, որ այն ռիսկային է: Կներկայացնե՞ք, թե ինչ ռիսկեր կարող են ի հայտ գալ տվյալ համակարգի ներդրմամբ:

Նշեմ, որ հարկային բարեփոխումների այս փաթեթը դեռ նախորդ տարի էր քննարկվում, և դրանց ջատագովները նեոլիբերալ տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներն էին: Նրանք փորձում էին ցույց տալ, որ հարկերը կրճատելով, հնարավոր է տնտեսական ակտիվություն գրանցել:

1980-ականներին Ռոնալդ Ռեյգանն ևս բռնեց քաղաքական այս կուրսը, կրճատեց հարկերը՝ նպատակ ունենալով խթանել տնտեսությունը, սակայն տնտեսության անկում եղավ, ներդրումները պակասեցին և բարեկեցության լուրջ խնդիրներ ի հայտ եկան երկրում: Ահա ինչու մենք, ի վերջո, պետք է վերանայենք տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ և նեոլիբերալից անցում կատարենք սոցիալ-դեմոկրատական կարգավորման համակարգին, որտեղ հարկաբյուջետային քաղաքականութունը պետք է առանցքային լինի:

Մեր երկրում 27 տարիների ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականությունը ցույց է տվել, որ հարկերի կրճատմամբ մենք տնտեսական զարգացում չենք ապահովել, հատկապես ներառական զարգացում, փոխարենը՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել:

Նույն տրամաբանությունն առկա է բարեփոխումների ներկայացված փաթեթում, որով առաջարկվում է հարուստների համար նվազեցնել հարկերը՝ հույս ունենալով, որ նրանք այդ գումարները կուղղեն տնտեսության զարգացմանը, այսինքն՝ կսպառեն դրանք ավելի շատ ապրանքներ ձեռք բերելով և ծառայություններից օգտվելով: Փորձը ցույց է տվել՝ երբ հարուստներն ավելի շատ եկամուտներ են ունենում, իրենք այդ գումարներն ուղղում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ, որպես ավանդ, ներդնում են բանկերում և ավելացնում իրենց եկամուտը:

Շատ եկամուտ ստացողը հարաբերականորեն ավելի քիչ է սպառում, քան ցածր եկամուտ ունեցողը: Օրինակ՝ 150 հազար դրամ ստացողը մեկ ամսում  ամբողջությամբ սպառում է գումարը, քանի որ դրա կարիքն ունի, իսկ 1 մլն ստացողը 500 հազարն է ծախսում, իսկ մնացածը խնայում է: Այսինքն՝ սպառողական պահանջարկը նվազում է, հարուստները շատ չեն սպառում, ակնկալվող ներդրումները չեն արվում, սպառման ծավալները հարաբերականորեն հավասար չեն խնայողություններին, ինչն էլ նաև պատճառ է դառնում, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները փակվեն: Ներառական աճ ապահովելու համար հարկավոր է եկամուտների վերաբաշխում անել, դա պարտադիր է:

Այս փաթեթի ներդրման դեպքում ոչինչ չի փոխելու: Ներկայումս հարկման երեք սանդղակ է գործում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտային հարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս: Հարկման՝ կառավարության ներկայացրած տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս հարկ, անկախ աշխատավարձի չափից:

Մինչդեռ, պետք է շատից շատ, քչից քիչ սկզբունքն աշխատի, հակառակ դեպքում կունենանք հասարակություն, որտեղ կան ծայրահեղ աղքատներ և ծայրահեղ հարուստներ: Աշխարհում նվազագույն աշխատավարձի շեմը չի հարկվում, իսկ մեր քաղաքական մոդելը հրաժարվում է այդ գաղափարից, մենք հենց առաջին դրամից հարկում ենք բոլոր եկամուտները՝ այն դեպքում, երբ Հայաստանում աղքատությունը զգալի բարձր է: Այս համակարգը շատ անարդար է, քանի որ բոլոր հարկատուներից նույն չափով է հարկում արվում: Եվ հետո՝ ստացվում է, որ բարձր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի չափը նվազեցվում է, իսկ ցածր աշխատավարձ ստացողի համար նույնն է պահպանվում:

-Պարոն Պարսյան, եկամտային հարկի նվազեցման հետևանքով մոտ 50 մլրդ դրամի չափով քիչ մուտք է լինելու պետական բյուջե: Փաստորեն, բարեփոխումներն իրականացվելու են բյուջեի հաշվին, որը համալրելու խնդիր է դրված կառավարության առաջ: Ո՞րն է սրա տրամաբանությունը:

– Առավել մեծ անարդարությունը դրսևորվում է ներկայացված նախագծի մեկ այլ առաջարկում, որի համաձայն, շահութահարկի և եկամտային հարկի բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի կորուստը փոխհատուցելու նպատակով, առաջարկվում է 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած, առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը, բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։ Նախատեսվում է նաև 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: 2020 թվականի հունվարի 1-ից վերանայվելու է նաև 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ։

Բացի արդեն իսկ նշածիցս, բարեփոխումների փաթեթով նախատեսված է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի վերանայում որոշ ապրանքերի համար, ինչպես նաև ԱԱՀ-ի սահմանում այն ապրանքների ու ծառայությունների համար, որոնք մինչև օրս այդ հարկատեսակից ազատված են եղել: Օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը և այլն:

Փաստորեն, բարձր եկամուտներ ստացողների եկամտահարկերը կնվազեցվեն, այդ կերպ նրանց եկամուտները կավելանան, բայց անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի և ակցիզային հարկի ձևով, կբարձրանան կամ կկիրառվեն այն ապրանքների դեպքում, որոնց համար մինչև օրս չեն կիրառվել: Արդյունքում՝ այդ ապրանքները կթանկանան: Սա շատ անարդար մոտեցում է սոցիալական անապահով կամ քիչ ապահով խավի նկատմամբ: Փաստորեն հարուստն էլ, աղքատն էլ ստիպված են լինելու նույն չափով անուղղակի հարկ վճարել, օրինակ՝ հացի, գինու, գարեջրի համար: Այնպես որ, այս համակարգը տնտեսական և սոցիալական տեսանկյունից ամբողջությամբ սխալ է և անարդար:

Հարկային բարեփոխումներով կառավարությունը նպատակ ունի պայքարելու երկրում առկա մեծածավալ ստվերի դեմ: Որքանո՞վ է դա իրատեսական ներկայացված նախագծի դեպքում:

-Նման կանխատեսումներն իրատեսական չեն: Երբ ավելի քան 10 տարի առաջ սահմանվեց ֆիքսված շահութահարկ՝ 20 տոկոս, այդպիսի հույս կար, բայց գործարարներն իրենց իրական շահույթի մեծությունը ցույց չտվեցին: Մեզ համար կարևոր է հարկային վարչարարության կատարելագործումը, ոչ թե հարկային դրույքի իջեցումը: Գործարարին կառավարությունը որևէ կերպ չի շահագրգռում ստվերը ցույց տալ, եկամտային հարկի բեռի նվազեցումը նման դեր չի կարող ունենալ, որովհետև գործատուն նախկինի պես կնախընտրի ընդհանրապես այդ հարկատեսակը չվճարել, որովհետև դա իրեն ավելի ձեռնտու է: Մենք ըստ կառավարության առանձին անդամների հայտարարությունների, ունենք 30-40 տոկոս ստվեր, ուրեմն հարկավոր է այդ ստվերը հարկել, այլ ոչ թե փոքր տնտեսվարողների ու տնային տնտեսությունների համար անարդարացի հարկային քաղաքականություն իրականացնել:

Հարկման նոր համակարգին անցնելու դեպքում նախատեսվում է վերականգնել նաև աշխատողի համար կուտակային կենսաթոշակային հարկի նախկին չափը՝ 5 տոկոսը, որը կառավարությունը վերջերս իջեցրել ու դարձրել էր 2,5 տոկոս, իսկ մնացած 7,5 տոկոսի բեռը դրել էր պետության վրա: Արդյոք դա ցածր աշխատավարձ ստացողի համար լրացուցիչ բեռ չի՞ դառնա, առավել ևս՝ համահարթեցման համակարգի ներդրման դեպքում նա էապես չի՞ տուժի: Այս տեսանկյունից կառավարության առաջարկած հարկային փաթեթը հակասոցիալական չե՞ք համարում:

– Երբ կառավարությունը որոշեց աշխատողի համար կենսաթոշակային հարկը կիսով չափ նվազեցնել, պետության վրա մոտ 17 մլրդ դրամի չափով լրացուցիչ բեռ ավելացավ: Բնական է, որ դա երկար չէր կարող տևել՝ հաշվի առնելով մեր բյուջեի սուղ վիճակը, և կառավարությունն իր ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթով արդեն իսկ մտադրություն է հայտնել անցնելու հին համակարգին։ Առաջարկ­վում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ, աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների առումով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը՝ յուրաքանչյուր կողմը 5 տոկոս:

Ես դա իրավիճակային մոտեցում եմ համարում, որի ժամանակ հաշվի չեն առնվում հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ աղքատ խավի սոցիալական վիճակի ավելի վատթարացման ռիսկը: Այո, հարկային փոփոխությունների փաթեթը ցածր աշխատավարձ ստացողի եկամուտներն ավելի կկրճատի:

 

Հարցազրույցը՝ Թագուհի Ասլանյանի