ԱՄՆ-ում սկսում են գիտակցել Ռուսաստանի ու Չինաստանի հետ բախման վտանգը

Մինչ աշխարհը լարված հետևում է Մերձավոր Արևելքի իրադարձություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմի առճակատմանը Իրանի հետ, քչերն են խորհում այն մասին, որ ավելի լուրջ ու վտանգավոր առճակատում է հասունանում Խաղաղօվկիանոսյան-ասիական տարածաշրջանում (ԽԱՏ)։ Հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ը համաշխարհային պատերազմ է նախապատրաստում։ Եթե դուք նման հարց տաք ամերիկացիներին, մեծամասնությունը ձեզ խելագարի տեղ կդնի։ Բայց, ցավոք, հենց Ամերիկան է մոլորակը դեպի աղետ տանում։ Ամերիկյան հեղինակ Մայքլ Սնայդերը «Endoftheamericandream.com» կայքում հրապարակված իր հոդվածում շատ մանրակրկիտ ձևով ապացուցում է, որ ապագայի հնարավոր ընդհարման մեղքն ընկնում է հենց ԱՄՆ-ի վրա։

«Հակառուսական պատժամիջոցների բազմակի ընդունումից, ռուսական առաջնորդի անվերջանալի դիվայնացումից և Մոսկվային բոլոր համաշխարհային խնդիրներում մեղադրելուց հետո մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի վատ են, քան երբևէ։ Եվ երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս ՄՓՀՀ պայմանագրից  (Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիր․ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 1987 թ․ դեկտեմբերի 8-ին․- հեղ), դա լրջորեն անհանգստացրեց ամբողջ աշխարհին, – գրում է Սնայդերը։ – Այդ հայտարարությունից հետո ռուս պաշտոնյա Անդրեյ Բելոուսովը նշեց, որ ԱՄՆ-ի նման գործողությունները «Ռուսաստանին ստիպում են պատերազմի պատրաստվել»։ Նա ասել է․ «Այո, ես հաստատում եմ, որ Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում։ Այո, մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր սկզբունքները, մեր մարդկանց։ Մենք պատրաստվում ենք պատերազմի։ Միացյալ Նահանգներում շատ քիչ են խոսում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին։ Թեև Ամերիկայում նախընտրում են շատ չտարածվել նաև ԱՄՆ-ի այլ ռազմական գործողությունների մասին, լռության մատնելով դրանց մասշտաբներն ու չնշելով, թե ինչ գումարներ են ծախսվում դրանց վրա։ Ռուսական լրատվամիջոցները բավականին հաճախ են գրում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սրացման մասին։ Թերևս, հենց դրա հետ կապված են սկսել ավելի հաճախ երևալ միջուկային հարվածների հնարավոր սցենարների տեսահոլովակները։ Վերջերս նախագահ Պուտինը մամուլին պատմեց այն մասին, թե ինչ կպատահի միջուկային պատերազմի սկսվելուց հետո»։

Ես տեսնում եմ, թե որքան անհանգստացած է ամերիկյան հեղինակը։ Համոզված եմ, որ այդ մտահոգությունը նկատել են նաև անկողմնակալ ընթերցողները։ Ուզում եմ հիշեցնել ՌԴ նախագահի վերջերս արտահայտած մտքերը, երբ արևմտյան լրագրողները «խեղդեցին» նրան հարցերով, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե իրական ռազմական սպառնալիք զգա։

«Ագրեսորը պետք է իմանա՝ հատուցումն անխուսափելի է, միևնույն է, նա կոչնչացվի։ Մենք որպես ագրեսիայի զոհեր, մենք որպես մարտիրոսներ, դրախտ կընկնենք, իսկ նրանք ուղղակի կսատկեն։ Որովհետև նրանք նույնիսկ ապաշխարել չեն հասցնի»,- ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» Միջազգային ակումբի նիստի ժամանակ։

Նույն այս խոսքերն է հիշեցնում Սնայդերը «Endoftheamericandream.com» կայքի իր հոդվածում։ Իսկ հետո արդեն խորացնում է իր անհանգստությունը (թեև տագնապել պարտավոր են բոլոր ամերիկացիները)․ «Նորմալ հանգամանքներում Ռուսաստանի նախագահը երբեք նման բան չէր ասի։ Բայց եկել են բարդ ժամանակներ՝ գլխավորապես ԱՄՆ-ի վարած քաղաքականության պատճառով։ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինն էլ է իր զինվորականներին հրամայել կենտրոնանալ «պատերազմին պատրաստվելու վրա»։ Հարավչինական ծովում իրավիճակին հետևող իր զինվորականներին նա հրամայել է գնահատել իրավիճակը և մեծացնել իրենց մարտական հնարավորությունները, որպեսզի կարողանան դիմակայել ցանկացած արտակարգ իրավիճակի։ Լարվածությունը տարածաշրջանում շարունակում է աճել, այնինչ Վաշինգտոնի ու Պեկինի դիվանագիտական հարաբերությունները շատ վատ վիճակում են։ Չինաստանի հետ տնտեսական պատերազմի սկիզբն, անշուշտ, դրական ազդեցություն չի գործել»։

Սակայն Ամերիկայում, երևի թե, շրջանակներ կան, որ ավելի սթափ են նայում աշխարհին ու գնահատում ներկա իրավիճակը, քան նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա շրջապատը։ Տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ, որ Թրամփն ու իր աշխատակազմը ամերիկյան, այսպես կոչված, նեոպահպանողական վերնախավի կամքի ու ծրագրերի ընդամենը կրիչներն ու հաղորդիչներն են։ Ստորև ապացույցներ կբերեմ, որ նույնիսկ Վաշինգտոնում կան սթափ մտածող մարդիկ։ Ահա թե ինչ է գրում Սնայդերն իր հոդվածի վերջաբանում․

«Ցավոք, ԱՄՆ-ի բնակչության մեծ մասը չի մտածում, թե որքան մեծ է մասշտաբային բախման հավանականությունը։ Բայց նրանք, ովքեր ծառայում են բանակում, ավելի հստակ են ընկալում իրավիճակը, և վերջին հարցումներից մեկը ցույց տվեց, որ զինծառայողների մոտ կեսը (46%) սպասում են, որ ԱՄՆ-ը, ի վերջո, «հաջորդ տարի պատերազմի մեջ կխցկվի»։ Այս թվերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մենք, իրոք, ապրում ենք շատ բարդ ժամանակներում, և մեր աշխարհը, թվում է, օր-օրի ավելի անկայուն է դառնում։ Պետք է հուսալ, որ խաղաղությունը կպահպանվի, բայց պատմությունը ցույց է տալիս, որ այն երբեք երկար չի տևել։ Խոշոր, գլոբալ ծավալների տերությունները մարդկությանն ավելի ու ավելի են մոտեցնում հերթական մասշտաբային բախմանը, և դա շատ վտանգավոր խաղ է»։

Կարծում եք, թե Սանայդերը խուճապի մե՞ջ է․․․ Ո՛չ։ ԱՄՆ զինվորականները նախապատրաստվում են Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմին և համարում են, որ առճակատման հավանականությունը մեծ է։ Ամերիկյան «Military Times»-ի՝ ամերիկյան բանակի զինվորների ու սպաների շրջանում անցկացված հարցման տվյալների համաձայն, հարցվողների 46%-ը մասշտաբային պատերազմը հնարավոր են համարում արդեն 2019 թվականին։ Համեմատության համար՝ մեկ տարի առաջ այդ թիվը 41% էր, այսինքն՝ 2017-ի սեպտեմբերին պատերազմը սկսելու հեռանկարին հրաժարվում էին հավատալ հարցվածների 2/3-ը, իսկ հիմա՝ 50%-ից քիչ ավելին։

Միաժամանակ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր առավել հավանական հակառակորդ են համարում Ռուսաստանին (71%՝ անցյալ տարվա 53%-ի դիմաց) և Չինաստանին (69%՝ 45%-ի դիմաց)։ Ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ ԿԺԴՀ-ին Նահանգների գլխավոր հակառակորդների թվին դասում են հարցվածների ընդամենը 46%, և դա՝ այն դեպքում, երբ անցյալ տարի նրանք 72% էին կազմում։ Հետաքրքիր է, որ, ի հեճուկս ամերիկյան արդեն մի քանի նախագահների օրոք Իրանի դեմ իրականացվող քարոզչության, զինվորականների ընդամենը 40%-ն են այդ պետությանը լուրջ սպառնալիք համարում։ Հիմա խոսքը գնում է հենց այն երկրների հետ մասշտաբային պատերազմի մասին, որոնք, եթե նույնիսկ իրենց հզորությամբ զիջում են ԱՄՆ-ին, հաստատ ի վիճակի են անուղղելի պատասխան վնասներ հասցնել նրան։ Պուտինը հեռու չէր ճշմարտությունից, երբ նախազգուշացնում էր՝ «․․․իսկ նրանք ուղղակի կսատկեն»։

«ԱՄՆ-ի պատերազմը Չինաստանի հետ կսկսվի 15 տարի հետո»,- վերջերս «Associated Press» գործակալության տեղեկացմամբ, այս տեսակետն է արտահայտել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բենջամին Հոջեսը, ըստ որի, առճակատման պատճառ կհանդիսանա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի ու Պեկինի շահերի բախումը։

«Ես գտնում եմ, մեծ հավանականություն կա, որ 15 տարի հետո, բայց դա անխուսափելի չէ, մենք Չինաստանի հետ պատերազմական վիճակում կլինենք»,- ասել է Բենջամին Հոջեսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը միայնակ ի վիճակի չէ դիմակայել չինական սպառնալիքին, նաև հավելել, որ ռազմական առճակատման պարագայում ԱՄՆ-ը անպաշտպան է Ռուսաստանի ու Չինաստանի առջև։

Հոջեսի կարծիքը կիսում է ամերիկյան RAND կորպորացիայի ավագ քաղաքագետ Մայքլ Սպիրտասը ս․թ․ հոկտեմբերին «The Hill» ամսագրում հրապարակված իր հոդվածում։ Նա փաստել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ամերիկյան բանակի մարտական փորձը կայանում էր փոքրաքանակ ապստամբ խմբավորումներին ու ահաբեկչական հրոսակախմբերին դիմակայելու մեջ, և այդ բանակը պատկերացում իսկ չունի, թե ինչ բան է խոշորամասշտաբ պատերազմը միջուկային զենք ունեցող բարձրտեխնոլոգիական հակառակորդի հետ։

Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմը ինքնըստինքյան սարսափելի իրողություն կլինի, բայց Վաշինգտոնի համար առավել վատ կլինի պարտվել նման պատերազմում։ Սպիրտասը նաև խոստովանել է, որ ամերիկյան ռազմագետների համար դեռ մինչև վերջ պարզ չեն Ռուսաստանից ու Չինաստանից եկող սպառնալիքների մասշտաբները։ Ի դեպ, RAND կորպորացիան հենց ամերիկյան ԶԼՄ-ներում անվանվում է ոչ այլ կերպ, քան «ԿՀՎ-ի մասնաճյուղ»։ Ամերիկյան այդ առաջատար հատուկ ծառայության տվյալներն, ըստ իս, պետք է որ համոզիչ լինեն նաև Հայաստանի որոշ իշխանավորների ու քաղաքացիների համար։

Ինձ, իհարկե, կարող են չհավատալ, բայց ես համարում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը ԽԱՏ-ում, հնարավոր է, հանգեցնի գլոբալ առճակատման։ Այդ թվում՝ ռազմական։ Ում դեմ էլ որ գործեն ամերիկացիները Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների թատերաբեմում, երկու եվրասիական տերությունների խառնվելուց չես խուսափի։ 2014 թ․ ապրիլին Աստանայի միջազգային մեդիա-ֆորումում ես բարձրացրեցի այս հարցը, բանավիճելով այդ ֆորումի կազմակերպիչների ու մոդերատորների հետ։ Նրանք փորձում էին լսարանին ներշնչել, որ մոլորակի համար գլխավոր ռիսկերը՝ Պաղեստինը, Իրանն ու ԿԺԴՀ-ն են․․․ Սակայն, ԽԱՏ-ում Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ապագա բախման վերաբերյալ իմ հարցը մասնակիցներին շփոթմունքի մեջ գցեց։ Իսկ որոշ մարդկանց՝ ուղղակի վախեցրեց, օրինակ, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքին ու ռուս-ամերիկյան հեռուստավարող Վլադիմիր Պոզներին։

 

Սերգեյ Շաքարյանց