Սրանից հետո ԱՄՆ-ն էլ ինչպե՞ս է ողջ աշխարհում բարբաջելու մարդու իրավունքներից

Սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։ Վերջինիս տեղեկացմամբ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ունի աուդիոձայնագրություն, որով փաստվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը հրահանգել է Թուրքիայում բնակվող սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգիին հնարավորինս շուտ լռեցնել:

Ըստ «Հուրիեթ»-ի հրապարակման, ԿՀՎ-ն ունի Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանի և նրա եղբոր՝ ԱՄՆ-ում դեսպան Խալիդ բին Սալմանի հեռախոսազրույցի աուդիոձայնագրությունը։ Հիշյալ հեռախոսազրույցի ընթացքում թագաժառանգն իր եղբորն ասել է, որ ցանկանում է  հնարավորինս շուտ լռեցնել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգիին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակադարձելով ԿՀՎ-ի զեկույցին, հայտարարել է, որ Մուհամեդ բին Սալմանը չի մասնակցել Ջամալ Խաշոգիի սպանությանը: Այսպիսով, ԱՄՆ-ի նախագահը փորձելով հերքել իր իսկ ղեկավարած պետության հետախուզական կենտրոնական կառույցի՝ ԿՀՎ-ի կատարած բացահայտումը, իրեն էլ ավելի խայտառակ վիճակում է դրել։

Ավելի վաղ, նոյեմբերի 20-ի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է մնալ Սաուդյան Արաբիայի դաշնակիցը, եթե նույնիսկ ապացուցվի, որ սաուդցի գահաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը նախապես տեղեկացված է եղել Խաշոգիի սպանության մասին:

«Արաբիայի գահաժառանգը մեծ հավանականությամբ տեղյակ է եղել Խաշոգիի սպանության մասին»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն իր հաղորդագրության մեջ նաև ողջունել է էր Ռիադի կողմից ամերիկյան զենքի գնումը, և ընդգծել՝ «ԱՄՆ-ն կշարունակի Արաբիային զենքի վաճառքը»: Խոսքը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված ռազմական թանկարժեք պայմանագրի մասին է։ Այն չխզելու համար ԱՄՆ-ի նախագահը, փաստորեն, փալասի նման ոտնակոխ է արել «ամերիկյան արժեքներ» կոչվածը, անտեսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կողմից սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության պատվիրումը։ Թրամփն Արաբիային զենքի վաճառքի շահը, ինչպես նաև Իսրայելի կամքը կատարող և հակաիրանական դիրքերում գտնվող Արաբիայի հետ իր հարաբերությունների պահպանումը գերադասել է նրա ու նրա թագաժառանգի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից, որը կարող էր։ Սրանից հետո Միացյալ Նահանգներն էլ ինչպե՞ս է ողջ աշխարհում բարբաջելու մարդու իրավունքներից, երբ ընդդիմադիր լրագրողի նկատմամբ հիշյալ ոճրագործությամբ խախտվել է մարդու ամենահիմնական՝ կյանքի իրավունքը։

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատմական բնութագրելով Վաշինգտոն-Էր Ռիադ հարաբերությունները, հայտարարել է. «ԱՄՆ-ն կշարունակի Արաբիայի հետ հարաբերությունները»։ Ըստ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Մայք Պոմպեոն Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ «Սաուդյան Արաբիայի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունը կենսական նշանակություն ունի»:

Պոմպեոն պաշտպանելով Ջամալ Խաշոգիի սպանության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ասել է. «Վաշինգտոնը պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի ազգային ու անվտանգության շահերը վեր դասել ամեն տեսակ նկատառումներից»:

 

Արթուր Հովհաննիսյան