Փաշինյանը Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին լավ-լավ բաներ է ասել, բայց իրականությունը վկայում է ԱՄՆ-ի պահանջի կատարման մասին

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն օրերս հայտարարել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանվել են միակողմանի և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության, ուստի մենք չենք ճանաչում դրանք»:

Նախարարը նշելով, որ Ռուսաստանը կշարունակի որոնել Իրանի հետ համագործակցության մեխանիզմներ, որոնցից մեկն առաջարկված ապրանքների դիմաց վճարումների համար ազգային արժույթների օգտագործումն է, հավաստել է, որ տվյալ քայլն իրենց հնարավորություն կտա Իրանի հետ համագործակցությունն ընդլայնել: Նկատի ունենալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախորդ պատժամիջոցների շրջանում ՌԴ-Իրան տնտեսական համագործակցությունը, Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ասել է․

«Մինչև 2015 թվականը, առևտրային կառույցներն օգտագործում էին բոլոր առկա մեխանիզմներն ու հնարավորությունները, այդ թվում «ապրանքի դիմաց ապրանք» նախագիծը։ Իհարկե, պատժամիջոցները բարդացնում են խնդիրները, ուստի մենք ազգային արժույթը կկիրառենք որպես ամենապարզ միջոց»։

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը, համենայն դեպս, հայաստանյան որոշ կառույցներ նույն կերպ չեն վարվում, հակառակը՝ Հայաստանը կարծես ԱՄՆ-ի վասալ պետությունը համարելով, վախվորած կատարում են Միացյալ Նահանգների կամքը։ Ավելին․ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց նույնիսկ Հայաստան-Իրան սահմանի հնարավոր փակման մասին։

Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը երեկ լրագրողների հետ հանդիպմանը փորձել է սրբագրել Իրանի հանդեպ Հայաստանի կառավարության դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, վստահություն հայտնելով, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան, նա ասել է․ «Դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»։ Սակայն, վերջին օրերի իրադարձություններն ամենևին էլ չեն խոսում Իրանի հետ հարաբերությունների լավ մակարդակը պահպանելու ՀՀ կառավարության պատրաստականության, առավել ևս՝ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փորձի մասին։

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցած շաբաթ մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ցանկանում է Իրանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ շարունակել ՀՀ կառավարության և այլ երկրների հետ համագործակցությունը: Թե Հայաստանն այդ առումով «համագործակցելու» (իրականում՝ ճնշմանը ենթարկվելու) ի՞նչ պարտավորություն կամ պարտավորություններ է ստանձնել, դեռ չգիտենք, բայց, ինչպես տեղեկացնում է «Parstoday.com» կայքը, «Իրանում ծնված, սակայն Հայաստանում բնակվող մի խումբ երկքաղաքացիներ վերջին օրերին Հայաստանի տարբեր բանկերից հաղորդագրություններ են ստացել, որոնք ազդարարում են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նրանց հաշիվների սառեցման մասին»:

Փաստը, ահա, սա է։ Հիշյալ կայքի հրապարակման համաձայն, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք երկար տարիներ Իրանում չեն բնակվում և ունեն Հայաստանի ու մինչև իսկ ԱՄՆ-ի քաղաքացիություն, հայտարարել են, որ հայաստանյան մի քանի բանկերից հաղորդագրություններ են ստացել իրենց արտարժութային հաշիվների սառեցման մասին, իրենց կոչ են արել շտապ կերպով գումարները հանել հաշիվներից: ՀՀ կառավարությունն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։

Նկատի ունենանք, որ մի շարք իրանցի առևտրականներ բանկային հաշիվներ ունեն Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Հայաստանում, Թուրքիայում, և այդ հաշիվներում ունեցած գումարներով փակում են նաև այստեղ իրենց ընկերությունների գրասենյակային ծախսերը:

Բանկային հաշիվների առկախման առնչությամբ ասվում է, թե «ՀՀ Կենտրոնական բանկը երկքաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու և փակելու պաշտոնական կարգադրություն չի արել, հիշյալ բանկերն իրենք են նման որոշում կայացրել և իրենց հաճախորդների համար ժամկետ նշանակել»: Իսկ ի՞նչ տարբերություն, որ ՀՀ Կենտրոնական բանկը նշված կարգադրությունը չի արել, երկքաղաքացիների բանկային հաշիվները սառեցրել ու փակել են, ասենք, առևտրային բանկերը։ Կարևորն այն է, որ ՀՀ Կենտրոնական բանկը երկքաղաքացիների բանկային հաշիվները չսառեցնելու և չփակելու պաշտոնական կարգադրություն չի արել Հայաստանում գործող, իր իրավազորության տիրույթում գտնվող մյուս բանկերին։

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբն օրերս Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի, արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ինչպես նաև հայաստանյան վերլուծաբանների հետ: Նշված հանդիպումների հետևանքները շուտով հավանաբար ի հայտ կգան։

 

Արթուր Հովհաննիսյան