Թուրքերն ու ամերիկացիները հերթական անգամ դավեցին քրդերին

Իրանական «Fars News» գործակալության հաղորդմամբ, սիրիական քրդերի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների և ԱՄՆ-ի դավաճանության պատճառով հյուսիս-արևելյան Սիրիայում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ամերիկամետ, այսպես կոչված, «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքը լքեց իր դիրքերն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց սատարել նրանց «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դիրքերի վրա հարձակվելիս, իսկ թուրքական բանակն ու թուրքամետ գրոհայիններն ուժեղացրին քրդերի դեմ զինված գործողությունների թափն ու ծավալները։

Հիշեցնենք, որ հենց «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) սիրիական քրդերն են, որ կազմում են SDF զինյալ դաշինքի հիմնական միջուկը։ Իրավիճակը սկսեց վատթարանալ դեռ հոկտեմբերի 31-ից։ Սիրիական բանակի հետ կապված աղբյուրները արևելյան Սիրիայից հաղորդեցին, որ SDF-ը հետ է քաշվել սիրիա-իրաքյան սահմանի (Դեր-Էզ-Զորի հարավ-արևելքում գտնվող Ալ-Բաքուզ քաղաքի մերձակայք) իր դիրքերից։ Այն բանից հետո, երբ թուրքական բանակը հյուսիսային Սիրիայում ուժգնացրել է հարձակումները քրդերի դեմ, SDF-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Եփրատի արևելյան ափին ԻՊ-ի դեմ զինված գործողությունները։

Ավելին․ քրդերը պնդում են, որ հյուսիսային Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացումը և ԻՊ ահաբեկիչների հարձակումները Դեր-Էզ-Զորի հարավ-արևելյան Հաջինի շրջանում՝ համաձայնեցված էին, և հավելում են, որ իրենք «երկար ժամանակով կդադարեցնեն իրենց գործողությունները ԻՊ-ի դեմ»։ SDF-ի մարտիկներն Իրաքի սահմաններից նահանջեցին այն բանից հետո, երբ ամերիկյան կործանիչները նրանց չպաշտպանեցին Դեր-Էզ-Զորի հարավ-արևելքի քրդական դիրքերի վրա ԻՊ խմբավորումների հարձակման ժամանակ։ Հընթացս թուրքական բանակը սկսեց հրետակոծել Ռաքքայի և Հալեպի նահանգներին սահմանակից քրդական դիրքերը․ SDF-ի ուժերը տասնյակներով զոհեր ու վիրավորներ ունեցան։

Դեր-Էզ-Զորում իրավիճակի այս սրացումից շաբաթ առաջ արևելյան Սիրիայի տեղական աղբյուրները հաղորդեցին, որ ԱՄՆ-ի զինուժի թողտվությունն ու խրախուսանքը ԻՊ խմբավորման գրոհայիններին թույլ տվեց վերադարձնել այն բոլոր հողերը, որոնք վերջին 2 ամիսների ընթացքում կորցրել էին Դեր-Էզ-Զորի հարավ-արևելքում SDF-ի հետ մարտերում։ РТ-ի («Россия сегодня») արաբալեզու կայքի աղբյուրները բացահայտում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից սիրիական քրդերին չսատարելու պայմաններում ահաբեկիչներին հաջողվել է վերադարձնել ոչ մեծ, բայց առանցքային նշանակության քաղաքներ Ալ-Սուսան և Ալ-Բաքուզը։ Աղբյուրները հաղորդում են նաև ԻՊ կողմից Ալ-Բաքուզ-Ֆոքանի քաղաքը վերահսկելու մասին։

Այս ամենը սկսվել է հենց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28-ին, ինչպես հայտնեցին ԶԼՄ-ները, թուրքական բանակը հարվածներ է հասցրել սիրիական քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դիրքերին արևելյան Եփրատի Զոր Մագար շրջանում։ «Ahaber» կայքի տեղեկացմամբ, հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ազդարարել է Եփրատից արևելք սիրիական քրդերի դիրքերի ուղղությամբ ծավալուն գործողությունների սկիզբը։

«Մենք թույլ չենք տա կործանել սկզբում Իդլիբը, հետո էլ ամբողջ Սիրիան խեղդել արյան ու կրակի մեջ, սադրելով ռեժիմն ու վերակենդանացնելով ԻՊ-ը։ Դրա վրա մենք կանգ չենք առնի և կոչնչացնենք ահաբեկչական խումբը նաև Եփրատից արևելք»,- ասել է Էրդողանը։

Այս դրամատիկ իրադարձությունները մեզ հիշեցնում են հոկտեմբերի կեսերը, երբ Արևմտյան կոալիցիան քրդական կազմավորումներին խանգարեց հարձակվել Դեր-Էզ-Զորի ԻՊ դիրքերի վրա։ Ինչպես հայտնում էր սիրիական զինվորական-դիվանագիտական աղբյուրը, ԱՄՆ ՌՕՈՒ-ի «ոչ պրոֆեսիոնալ գործողությունների» արդյունքում ամերիկյան երկու F-15 կործանիչներ ռմբակոծեցին քրդերին՝ ԻՊ ահաբեկիչների՝ Հաջինի շրջանի դիրքերի վրա նրանց հարձակման պահին։ Արդյունքում՝ վեց մարտիկներ զոհվեցին, 15-ը ծանր վիրավորվեցին։ Աղբյուրի համաձայն, դա հանգեցրեց հիշյալ հարձակման ձախողմանը, և շրջանը նորից սկսեց անցնել ահաբեկիչների հսկողության տակ։ Նշենք, որ ահաբեկիչների վրա քրդական խմբերի հարձակումն այն ժամանակ կատարվում էր ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի սատարմամբ։

«Սիրիայի այդ շրջանում ահաբեկիչների հետ պայքարի նմանակումը տևում է արդեն կես տարուց ավելի և Վաշինգտոնի կողմից օգտագործվում է այդ երկրում իր ապօրինի ներկայությունն արդարացնելու համար», – հավելել է աղբյուրը։ Նրա խոսքերով, ակնհայտ է ամերիկյան զինվորական հրամանատարության և, ի դեմս SDF-ի, սիրիական զինյալ ընդդիմության միջև գործողությունների համաձայնեցվածության բացակայությունը։  Այդ իրավիճակը ոչ միայն ձախողեց քրդերի հարձակումը, այլև օգնեց ահաբեկիչներին վերցնել այդ շրջանն իրենց հսկողության տակ, օգտվելով քրդական կազմավորումների դասալքությունից։ Իսկ ամերիկացիների այն «սխալի» նախօրեին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան հայտարարեց, որ ամերիկյան կոալիցիան ահաբեկիչների հետ պայքարը որպես առիթ է օգտագործում Սիրիայում գտնվելու համար։

«Ի՞նչ հիմքերով է Սիրիայում գտնվում ԱՄՆ-ը, և ինչպիսի՞ք են ձեր դրդապատճառները․ ահաբեկչության դեմ պայքա՞րը, թե անկախ երկրի տարածքում կեղծ պետական կազմավորումների ստեղծումը՝ տարածաշրջանում ապագա ինչ-ինչ գործողությունների համար»,- հարցրեց ռուս դիվանագետն իր ամերիկյան գործընկերոջը ՍԱՀ հարցով ՄԱԿ ԱԽ նիստում։

Նեբենզյան նկատեց, որ ամերիկյան հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում «ռազմական բազաներ են ստեղծվում և ընդարձակվում»։

«Սիրիայի հյուսիս-արևելքում, Եփրատի ձախ ափին տեղի է ունենում ժողովրդագրական կազմի բռնի ձևափոխում, ԻՊ մեկուսացված օջախների հետ պայքարը ձևական է, ահաբեկիչներին հաղթելու խնդիր, կարծես թե, չի էլ դրվել», – ընգծեց Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը (ընդգծումը՝ հեղինակինը)։

Համադրելով նշված բոլոր իրադարձություններն ու փաստերը Իրանի կողմից ապացուցված այն մեղադրանքի հետ, որ ԱՄՆ-ն ամիսներ շարունակ նպատակամղված փրկում է ահաբեկիչների պարագլուխներին, տեղափոխելով նրանց, այդ թվում նաև՝ Աֆղանստան, բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ հոկտեմբերի 18-ին ամերիկյան օդաչուների սխալը ոչ սխալ էր, ոչ էլ «ոչ պրոֆեսիոնալ գործողություն»։ Ընդհակառակը՝ դա ԱՄՆ-ի զինվորականների ծրագրված գործողություն էր։ Նպատակը պարզ է՝ Սիրիայի դեմ պատերազմը շարունակելը, այդ երկրում գոնե 1-2 հենակետ պահելը, որպեսզի հետագայում, «շահեկան մի պահի» հնարավոր լինի վերսկսել և՛ բացահայտ ռազմական գործողությունները, և՛ չարաբաստիկ պրոքսի-պատերազմը (ուրիշի տարածքում, ուրիշի ձեռքերով)։

Իհարկե, խոսքը նաև Իսրայելի համար առավելագույն, այսպես ասած, հարմարավետություն ստեղծելու մասին։ Իսկ թե ո՞ր ահաբեկչական ուժի վրա իր խաղադրույքը կդնի ԱՄՆ-Իսրայել տանդեմը, ամբողջությամբ մատնեց Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Իդլիբի նահանգում կենտրոնացված ահաբեկիչներից, ամենայն հավանականությամբ, կսկսեն հապճեպ շինել մի նոր ահաբեկչական «ինտերնացիոնալ», որում տոն կտան սիրիական թուրքոման գրոհայինները ու այլևայլ թուրքամետ հրոսակներ։ Թե այդ պարագայում Էրդողանն ինչպե՞ս կշարունակի իր հարաբերությունները ՌԴ նախագահ Պուտինի հետ, այնքան էլ հետաքրքիր չէ։ Հետաքրքիր է, թե Թուրքիայի նախագահն ինչպե՞ս կարդարանա Իրանի զինվորական հրամանատարության առջև, որը հերթական անգամ հիշեցրեց Էրդողանի ստորագրած մի փաստաթղթի մասին, որով իրանական վեց հենակետեր են նախատեսվում Իդլիբում։

Ինչ վերաբերում է քրդերին, ապա կարելի է ասել, որ նրանք վերջնականապես կլքեն ամերիկամետ SDF-ը և, ինչպես իրենց շատ հայրենակիցներ սիրիական այլ նահանգներում, կանդամագրվեն Սիրիական բանակին, կդառնան Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դաշնակիցները։

Նոյեմբերի 19-ի վերջին տվյալներով, քրդական ջոկատներն Իդլիբի նահանգում պատրաստվում են մասնակցել Սիրիական բանակի մի «սահմանափակ» գործողության։ Քրդական այլ ջոկատներ պատրաստվում են հետ մղել Թուրքիայի ու թուրքամետ գրոհայինների հարձակումները սահմանամերձ քրդաբնակ քաղաքների, մասնավորապես՝ բազմաչարչար Ռաս-էլ-Այնի (Սերեկանիյե) և Այն-էլ-Արաբի (Կոբանիյե) վրա։ Քրդական ևս մի մեծ ջոկատ, Սիրիական բանակի հետ համատեղ, հնարավոր ինքնապաշտպանական մարտերի է պատրաստվում Հալեպի նահանգում։

 

Սերգեյ Շաքարյանց