Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Ամստերդամի հայկական եկեղեցին և կամուրջը

Ամստերդամի հայկական գաղթօջախը 17-րդ դ. կեսերին հասել է նրան, որ հիմնել է տպարան և պաշտամունքային կենտրոն: Ամստերդամի տպարանը հիմնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ և Էջմիածնի նոտար Մատթեոս Ծարեցու ջանասիրությամբ 1660 թ.: Սակայն, մեկ տարի անց վերջինս մահացել է, և անդրանիկ գիրքը՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի»-ն, 1661 թ. լույս է ընծայել Ոսկան Երևանցու եղբայր Ավետիս Ղլիճենցը: Եվս մեկ տարի անց՝ 1662 թ., համաձայն 1672 թ. շինարարական արձանագրության, Ջուղայեցի Դավթի որդի Զաքարի մեկենասությամբ կառուցվել է Ամստերդամի առաջին հայոց եկեղեցին՝ Սբ. Կարապետը: Ավաղ, Սբ. Կարապետ եկեղեցին չի պահպանվել` ի տարբերություն վերոհիշյալ արձանագրության, որը Ոսկան Երևանցու շնորհիվ, տեղափոխվել է Մարսել և այժմ պահպանվում է հայոց Սբ Սահակ- Մեսրոպ եկեղեցում:

Կես դար անց՝ 1713 թ., երկու վաճառական՝ Պապաջան Սուլթանյանը և Նիկողայոս Թէոդորյանը,  Ամստերդամի կենտրոնական մասում գնել են մի շենք, որը ծառայում  էր որպես պահեստ: 1714 թ. հունվարի 30-ին եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալուց հետո, գնված շենքը քանդվել է և տեղում կառուցվել է հայոց եկեղեցի: Նույն թվականին ավարտելով շինարարությունը` եկեղեցին օծվել է՝ ձոնվելով «Սբ Էջմիածնին եւ Սբ Հոգուն»:

1749 թ. եկեղեցին վերանորոգվել է և ավելացվել երրորդ հարկ, իսկ 1806 թ. այն, գաղթօջախի կյանքի մարման հետ միասին, դադարեցրել է իր գործունեությունը: 1874 թ. դատարանի որոշմամբ եկեղեցին աճուրդով վաճառվել է: 1986 թ. եկեղեցին վերագնվել է, իսկ 1989 թ. վերականգնվել և վերօծվել:

Վերոնշյալ եկեղեցու հասցեն իր կառուցման օրվանից մինչ այսօր մնացել է անփոփոխ՝ Krom Boomssloot 22: Ի դեպ, սույն թվականի մայիսի 15-ին եկեղեցու հարևանությամբ գտնվող ու նրան ժամանակակից համար 293 կամուրջը քաղաքապետարանի կողմից վերանվանվել է «Հայկական կամուրջ» (հոլլ. Armeensebrug):

Ստորև ներկայացնում ենք հայտնի հոլանդացի նկարիչ Յան դը Բեիջեր մի քանի նկարներ` Ամստերդամի հայոց եկեղեցու և նորանուն կամրջի պատկերներով:

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)