Ավիգդոր Լիբերմանը հեռանում է․ Հայաստանն ու Արցախը հարցեր ունեն նրան տալու

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հանկարծակի հրաժարականը իրադարձություն է, նույնիսկ՝ Հայաստանի և Արցախի տեսանկյունից, քանի որ մենք ազատվեցինք Թել Ավիվում Ադրբեջանի ու Թուրքիայի ամենանվիրյալ լոբբիստներից մեկից։ Բայց ես խորհուրդ չէի տա ուրախանալ, թե իբր կարող ենք հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ։ Ինչո՞ւ․․․ Տարածաշրջանում իրավիճակի ներկայիս արագ փոփոխությունների, ԱՄՆ-ի ու նույն Իսրայելի հետ Իրանի հարաբերությունների այժմյան սրացման պարագայում միգուցե ավելի տեղին է նստել ու մտածել, թե Հայաստանին ի՞նչ է հիմա պետք, իսկ ինչ պետք չէ։ Եվ միգուցե փորձենք պարզել, թե Իսրայելի վերնախավում ովքե՞ր են տեղյակ 2016 թ․ ապրիլյան դեպքերին իսրայելական մասնագետ-մարդասպանների մասնակցությանը։ Դե, նաև պահանջել նման անձանց պատասխանատվությունը․․․

Հետաքրքիր է, ինչի՞ց հետո Լիբերմանին խնդրեցին հրաժարական տալ։ Գազայի հատվածում «անհասկանալի ռազմական գործողությունների՞ց» հետո, ինչին ի պատասխան, Համասի պաղեստինցիները երեք հարյուր հրթիռներով գրոհեցին Իսրայելը։ Այդ պատճառով Իսրայելում սկանդալ ծագեց։ Իսրայելցիների լայնորեն գովազդվող «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը չկարողացավ ոչնչացնել Համասի պարզունակ հրթիռները․ նոյեմբերի 13-ի գիշերը «Երկաթե գմբեթը» խփեց արձակված ինքնաշեն հրթիռների ընդամենը 20%-ը։ «2006 թ․ Իսրայելի հետ պատերազմից հետո, մասնավորապես՝ «Հըզբոլայի» տեղակայած հրթիռային կարողությունների զարգացածությունը հաշվի առնելով, այն փաստը, որ «Երկաթե գմբեթի» հնարավորությունները կարող են կասկածի տակ դրվել չափազանց պարզունակ հրթիռային գրոհներով, Իսրայելի անվտանգության համար վատ նախանշան է ապագա պատերազմի պարագայում»,- ընդգծել է ամերիկյան  «Military Watch» հանդեսը։

Նկատի ունենալով, որ աշխարհն ականատես եղավ լայնորեն գովազդված ՀՀՊ համակարգի ձախողմանը (եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին, Իսրայելը սկսել է «Երկաթե գմբեթի» մատակարարումներն Ադրբեջանին), և հասկանալով, որ Իսրայելի ՊՆ-ն ահռելի գումարներ է ծախսել «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման ու տեղակայման վրա, իրավունք ունենք ենթադրելու, որ ինչ-որ մարդկանց մոտ (և ոչ միայն Իսրայելում…) քիչ հարցեր չեն առաջացել Իսրայելի տարածքի հրթիռակոծումից հետո։

Եթե այդ ՀՀՊ համակարգը կարողացել է ոչնչացնել 300 պաղեստինյան հրթիռների միայն 20%-ը, ապա ի՞նչ հետևություն կարելի է անել։ Ամեն ինչ շատ պարզ է․ Իրաքում և Սիրիայում գտնվող ահաբեկիչներին նույն Իրանի հատուցման հարվածների (համապատասխանաբար սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 1-ին) համապատկերի վրա, հարվածներ, որոնք զարմանալի ճշգրտություն և արդյունավետություն ունեցան, (ահաբեկիչների ու ոչ տարածաշրջանային պետությունների գործակալների տասնյակ դիեր), Թել Ավիվում պարտավոր էին հասկանալ, որ Իսրայելը, փաստորեն, գրեթե ամբողջությամբ անպաշտպան է «պայմանական» հրթիռների դեմ, և կարևոր չէ, թե ում ձեռքում են այդ հրթիռները՝ լիբանանյան «Հըզբոլա» կուսակցության զինյալ խմբավորումների՞, պաղեստինյան «Համասի» զինյալների՞, թե Իրանի զինվորական ստորաբաժանումներից մեկի։

Նշեմ նաև, որ բուն Պաղեստինում Լիբերմանի հրաժարականն ընդունեցին որպես սեփական հաղթանակ։ Ինչպես նոյեմբերի 14-ին հաղորդեց «Associated Press» գործակալությունը, «Համասի» ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին հայտարարել է՝ Լիբերմանի հրաժարականը նշանավորեց այն, որ «Իրայելն ընդունեց իր պարտությունն ու պաղեստինյան դիմադրությունը ճնշելու ձախողվածությունը»։ Նրա խոսքերով, Գազայի պաղեստինցիների ցուցաբերած տոկունությունն Իսրայելում շոկ է առաջացրել։ Իրոք, կատարվածն ինչ-որ չափով պաղեստինցիների իրավիճակային հաղթանակ է, քանի որ Լիբերմանը համարվում էր Պաղեստինի և, մասնավորապես, Իսրայելի սահմանին նրա անկլավի հանդեպ կոշտ գծի կողմնակից։ Ինչպես միշտ, կոշտ գնահատականներ տվեց Իրանը։ Նոյեմբերի 13-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասսեմին կտրուկ դատապարտեց Գազայի հատվածում իսրայելցիների հարձակումը պաղեստինցիների վրա, և ասաց, որ տարածաշրջանում իսրայելական ռեժիմը պետական ահաբեկչության մարմնացում է։

«Քար է նետվել» նաև ԱՄՆ-ի կողմը․ «Իսրայելական բռնատիրական ռեժիմի ահաբեկչությունը, հանցագործությունները և ագրեսիան, առաջվա պես, պաշտպանում ու քաջալերում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ տարածաշրջանի որոշ  երկրների լռության ու սատարման պայմաններում», – հավելել է Քասսեմին։ Նա նաև կոչ է արել անհապաղ միջազգային ինտերվենցիա կազմակերպել՝ սիոնիստական ռեժիմի մարտական մեքենան ու տարածած սարսափները վերացնելու համար։

Ըստ էության, Իրանը կոչ է ուղղել աշխարհին՝ Իսրայելին հարկադրյալ խաղաղության բերել ռազմական գործողությունների միջոցով։ Իրանական «Mehr News» կայքի մեկնաբանության համաձայն, «Գազայի հատվածում իսրայելական ռեժիմը 7 պաղեստինցի է սպանել, հավանաբար, չհաջողված գաղտնի ելուզակության ու դրան հետևած փոխհրաձգության ժամանակ, ինչը սպառնում է վերացնել անկայուն, ոչ պաշտոնական հրադադարը»։ Հետաքրքիր է, որ Իսրայելում նոյեմբերի 16-ից հետո խոստովանեցին, որ պաղեստինցիների հարվածները, հնարավոր է, պատասխան էին իսրայելական հատուկ ջոկատայինների ինչ-որ գործողությունների, և նույնիսկ ձայներ լսվեցին, որ «Համասը» հիմքեր ուներ համարելու, որ հրադադարը խախտել է Թել Ավիվը, և ոչ թե պաղեստինցիները։

Եթե հիշենք սիրիական պատերազմի անցած տարիների որոշ մանրամասներ, ապա կհասկանանք, որ Լիբերմանի հրաժարականն իրականում ունի ընդհանուր տարածաշրջանային նշանակություն։ Նրան էին վերագրվում սաուդյան արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ գաղտնի կապերը, իսկ երկուսին միասին՝ մասնակցությունը հակաիրանական տարբեր ծրագրերի ստեղծմանը, ընդհուպ մինչև Պարսկական ծոցում Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ»-ի ձևավորմանը։ Լիբերմանի, ինչպես նաև 2015 թ․ փետրվարի 16-ից Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտի անունները քիչ չեն հիշատակվել՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը գաղտնի խառնվել է Սիրիայում հակամարտությանը։

Վերջապես, Լիբերմանի և գեներալ-լեյտենանտ Այզենկոտի անունները հիշատակվում էին նաև Սիրիան մասնատելու ուղղությամբ տխրահռչակ «դրուզերի քարտը» խաղարկելու Իսրայելի փորձերի հետ կապված, ինչի համար Իսրայելը սադրեց սիրիական դրուզերի կոտորածը Իդլիբ նահանգում։ Սիրիական դրուզերի այդ ջարդին Իսրայելի մասնակցության մասին են վկայել նաև լիբանանյան դրուզ քաղաքագետները․ 2015 թ․ Իդլիբի Ջեբել-ալ-Սամակ սարի մոտակայքի գյուղերում «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղի սարքած այդ կոտորածից հետո հայտնի դրուզեր Թալյալ Արսլանը և Վալիդ Ջումբլատը զանգվածային սպանություններում մեղադրեցին Իսրայելին։ Ջումբլատն իր գնահատականներում առավել խիստ էր․ «Իդլիբում դրուզերի կոտորածի ռեժիսորը Իսրայելն է»։ Իմա՝ Լիբերմանը, Այզենկոտը և իսրայելական հատուկ ծառայությունները․․․

Լիբերմանի հրաժարականը, իհարկե, կապված է նաև ռուսական ռադիոէլեկտրոնային հետախուզության Ил-20 ինքնաթիռի դեմ իսրայելական սադրանքի հետ։ Հենց Լիբերմանն էր, որ փրփուրը բերանին համոզում էր բոլորին, թե ինքնաթիռի կործանման վայրում իսրայելցիներ «չեն եղել», և որ «մեղավոր են սիրիացիները»։ Իսրայելական բախտախնդրության մանրամասներն աշխարհին հայտնի են։ Լիբերմանի հրաժարականը (եթե այն ընդունվի) Հայաստանի համար առիթ է պարզելու 2016թ․ ապրիլյան մարտական գործողություններում իսրայելցիների մասնակցության հանգամանքները, և ոչ թե զարգացնելու Իսրայելի հետ հարաբերությունները։

 

Սերգեյ Շաքարյանց