Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարը ձևական է, իրականում հենց նա է հովանավորում և աջակցում ահաբեկիչներին

Իրաքի «Ալ-Մաալումե» լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցում Իրաքի իսլամական դիմադրության Ալ-Նեջբա շարժման մամուլի քարտուղար Հաշեմ Ալ-Մուսավին ասել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձերբակալված անդամների մեջ կան գործակալներ, որոնց մոտ ԱՄՆ-ի բազաներ ելումուտ անելու անցաթղթեր են հայտնաբերվել»:

Վերոնշյալ բացահայտումը նշանակում է, որ ԻԼԻՊ-ի անդամներն ելումուտ ունեն Սիրիայում և Իրաքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներում: Ալ-Մուսավին տեղեկացրել է նաև, որ «ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Իդլիբից ու Սիրիայի այլ շրջաններից տեղափոխում է Իրաքի հետ սահմանամերձ շրջաններ և առաջացնում անվտանգության խնդիրներ ու քաղաքական լարվածություն»:

Ալ-Նեջբա շարժման մամուլի քարտուղարը նախազգուշացնելով վերոնշյալի հետևանքերի կապակցությամբ, Իրաքի կառավարությանը կոչ է արել բանակցել Սիրիայի կառավարության հետ և ԻԼԻՊ-ի գործակալների դեմ պայքարելու համար Սիրիա տարածք (Իրաքի հետ սահմանային գոտում), ահաբեկիչների տեղակայման վայրեր մուտք գործելու և նրանց հարվածելու թույլտվություն ստանալ:

Այն, որ Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կապեր ունի այդ երկրում ապօրինաբար գտնվող ԱՄՆ-ի զինուժի հետ և անմիջականորեն օգտվում է նրա հովանավորությունից ու տարաբնույթ աջակցությունից, նորություն չէ։ Նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած, այսպես կոչված, հակաիլիպական միջազգային կոալիցիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբի որոշ անդամների հեռացրել է Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքա նահանգի Ալ-Սուսա գյուղից: Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ ՍԱՆԱ-ն։ Ալ-Սուսա գյուղը դեռ գրավված է մնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից:

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ահաբեկիչների տեղափոխումն իրականացվել է ԱՄՆ-ի գլխավորած հիշյալ կոալիցիայի ուղղաթիռների միջոցով: Ահաբեկիչները տեղափոխվել են անհայտ մի վայր: Բացառված չէ, որ հենց Իրաքի հետ սահմանամերձ հատված կամ էլ Թուրքիա․․․ Ի դեպ, սա նմանաբնույթ առաջին դեպքը չէ․ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուղղաթիռներն անցած հոկտեմբերին մի գործողության ընթացքում ԻԼԻՊ-ի՝ տարբեր ազգության ահաբեկիչներին Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգի հարավ-արևելքում գտնվող Ալ-Շաաֆա քաղաքավանից տեղափոխել են այդ նահանգի հարավ-արևելքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գրաված տարածք: Ամերիկյան կոալիցիան, ըստ պաշտոնական հաղորդումների, Սիրիայում առ այսօր բազմիցս օժանդակել է ահաբեկիչներին: