Էմանուել Մակրոնն իրեն պահում է հպարտ և արժանապատիվ ֆրանսիացու նման․Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չէ

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս «Թվիթերում» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ կատարած գրառման մեջ ուղղակի վիրավորական էր համարել եվրոպական բանակ ստեղծելու Ֆրանսիայի ղեկավարի գաղափարը։

«Եվրոպան պետք է իր արդար մասնաբաժինը վճարի ՆԱՏՕ-ին, որին ԱՄն-ը ֆինանսական մեծ օժանդակություններ է կատարել»,-հայտարարել է Թրամփը, պարզորոշ հասկացնելով, որ եվրոպացիները հիշյալ բանակը ստեղծելու նախագծի փոխարեն, պետք է ՆԱՏՕ-ի բյուջեում իրենց մասնաբաժինը վճարեն:

Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը նոր չէ։ Դեռ 2016թ, նոյեմբերին Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստում վավերացվել է եվրոպական անկախ բանակ ստեղծելու նախագիծը: Պարզապես Ֆրանսիայի նախագահը ս․ թ, նոյեմբերի 9-ին մի հարցազրույցում ընդգծելով եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, ասել է. «Եվրոպան միայնակորեն, առանց ԱՄՆ-ից կախվածություն ունենալու և  անկախ կերպով, պեռք է կարողանա պաշտպանել ինքն իրեն»:

Արձագանքելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամ երկրների ռեսուրսների բացակայության, ինչպես նաև նրանց աշխարհագրական վիճակի պատճառով առանձին համաեվրոպական բանակ ստեղծելու նախաձեռնությունը չի կարող ընդլայնվել որպես այս ռազմական դաշինքին  փոխարինող տարբերակ»: Ի հակադրություն Ստոլտենբերգի բացասական դիրքորոշման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եվրոպացիների այդ մտահղացումը նրանց բնական ցանկությունն է բազմբաբևեռ աշխարհը հզորացնելու համար: Ամեն ինչ, սակայն, սրանով չի ավարտվել։

Մակրոնի կողմից եվրոպական բանակի ստեղծման գաղափարի թարմացումից հետո Թրամփն այնքան է զայրացել, որ դիվանագիտական վարքականոնի խախտմամբ վիրավորելով իր ֆրանսիացի պաշտոնակցին, հայտարարել է նաև, որ ժողովրդի շրջանում նրա վարկանիշը խիստ նվազել է: Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ շաբաթվա սկզբին վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, չորեքշաբթի օրը «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է. «Խնդիրը կայանում է նրանում, որ Մակրոնը կանգնած  է 26 տոկոսանոց ցածր վարկանիշի և 10 տոկոսանոց գործազրկության դժվարության առաջ և փորձում է թեման փոխել»:

Ելիսեյան պալատը հակադարձելով Թրամփի թվիթերյան գրառմանը, հայտարարել է, որ չի պատասխանելու Թրամփի հայտարարությանը: Սակայն, Թրամփը երեքշաբթի օրը «Թվիթեր»-ում կատարած մեկ այլ գրառման մեջ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը ներկայացնելու պատճառով խիստ քննադատության ենթարկելով Ֆրանսիայի նախագահին, գրել էր. «Եթե ԱՄՆ-ը չլիներ, ֆրանսիացիներն այսօր գերմաներեն էին խոսելու»: Այս անգամ Մակրոնն այլևս չի լռել․ հաջորդ օրը նա ուղղակի հայտարարել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալ պետությունը չէ։ Չորեքշաբթի հակադարձելով եվրոպական բանակի հարցով իր դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանավոր հարձակումներին, Էմանուել Մակրոնն ասել է. «Վաշինգտոնի հետ դաշնակցությունը չի նշանակում, որ Փարիզը ստորադաս պետություն է համարվում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Էմանուել Մակրոնը հավելել է. «Եվրոպան չպե՛տք է հենվի ԱՄՆ-ի վրա»:

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Բենիամին Գրիվաքսը չորեքշաբթի օրը, իր հերթին, հակադարձելով Մակրոնին ուղղված Թրամփի բանավոր հարձակումներին, ընդգծել է. «Ֆրանսիայի նախագահին քննադատելու փոխարեն, ԱՄՆ նախագահը Փարիզում ահաբեկչական հարձակման տարելիցի օրը մի փոքր արժանապատվություն պիտի ցուցաբերեր»:

Երեքշաբթի օրը, 2015 թվականին Փարիզի մի քանի շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կատարած հարձակման տարելիցի օրը քննադատելով Էմանուել Մակրոնին, Թրամփն ասել էր. «Եվրոպական բանակ ստեղծելու Մակրոնի առաջարկն այն պատճառով է, որ Ֆրանսիայում նրա վարկանիշն իջել է»: