Աշխարհը կանգնած է խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող շատ լուրջ մարտահրավերի առջև

Եթե ԱՄՆ-ն առաջիկայում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից (INF) դուրս գալու առումով խոսքից, հայտարարությունների մակարդակից գործի անցնի և ավելացնելով այդ զենքերի արտադրությունը, հիշյալ հրթիռները տեղակայի Արևմտյան և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի ռազմահանգրվաններում, ապա անվարան կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև արդեն իսկ գոյություն ունեցող սպառազինությունների մրցավազքն ավելի մեծ թափ, իսկ սառը պատերազմն ավելի սուր ու բացահայտ բնույթ է ստանալու։

Թերևս բոլորին էլ հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից հիշյալ պայմանագրի խախտմամբ Փոքր ու միջին հեռահարության հրթիռները Եվրոպայում տեղակայելու դեպքում, կկրճատվի դրանց միջուկային մարտագլխիկները Ռուսաստանի համապատասխան թիրախներին հասցնելու ժամկետը, հետևաբար և ՌԴ-ի հակահրթիռային պաշտպանության միջոցներով դրանք խոցելու հնարավորությունը

Մյուս կողմից՝ Ռուսաստանն այդ դեպքում իրավունք ձեռք կբերի արտադրելու և Եվրոպայի հենց քթի տակ տեղակայելու իր փոքր ու միջին հեռահարության հրթիռները, որոնցից եվրոպական պետությունները գործնականում չեն կարող պաշտպանվել։ Արևմտյան և Արևելյան Եվրոպայի բնակավայրերը, ենթակառուցվածքները, եվրոպական պետություններում գտնվող բոլոր ռազմահանգրվանները կդառնան միջուկային մարտագլխիկներ ունեցող ռուսական հրթիռների թիրախներ։ Եվրոպան վերստին կվերադառնա 80-ական թվականների՝ մինչ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև հիշյալ պայմանագրի ստորագրումը եղած մղձավանջային ժամանակաշրջանին։

Եվրոպայի առաջատար պետություններից Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական ղեկավարների շրջանում այժմ վերը նշվածի առումով գրեթե խուճապային իրավիճակ է։ Նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին։ Այժմ լրջորեն քննարկվում է Համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը, ինչն, ըստ էության, նշանակում է ոչ հեռավոր ապագայում ՆԱՏՕ-ից հրաժարվելու մտադրության արտահայտում։

Փորձելով հակազդել Համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, ըստ «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ասել է. «Համաեվրոպական բանակը երբեք չի կարող փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքին: Մենք պետք է պատկերացնենք եվրոպական պաշտպանության հզորացումը ՆԱՏՕ-ի շրջանակներում․․․ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների ռեսուրսների բացակայության, ինչպես նաև նրանց աշխարհագրական վիճակի պատճառով առանձին Համաեվրոպական բանակ ստեղծելու նախաձեռնությունը չի կարող ընդլայնվել որպես այս ռազմական դաշինքին փոխարինող տարբերակ»։

Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ պետություններում շատ լավ հասկանում են, որ քանի դեռ ՆԱՏՕ-ի կազմում են, հիշյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու և փոքր ու միջին հեռահարության հրթիռներն իրենց տարածքներում տեղակայելու դեպքում, դառանալու են Ռուսաստանի նույնաբնույթ միջուկային հրթիռների գործնականում անպաշտպան թիրախ։

Իր անվտանգության առումով անհանգստացած է նաև Ռուսաստանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցած կիրակի Ռուսաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանը և եվրոպական եկրները մտահոգված են կարճ ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրի կապակցությամբ, որովհետև INF-ի դաշինքի ապագան անորոշ է: Հետևաբար հարկավոր է բանակցել այդ հարցի շուրջ»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև փոխվստահության բացակայության պատճառով չի կայացել երկու երկրի ղեկավարների հանդիպումը, ավելին՝ որևէ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել  առաջիկայում Արգենտինայում կայանալիք Մեծ քսանյակի (G 20) նիստի շրջանակում նախագահների հանդիպում կազմակերպելու կապակցությամբ:

Հանդես գալով INF-ի վերաբերյալ հաղորդագրությամբ, իր անհանգստությունն է հայտնել նաև Եվրամիությունը, որը Միացյալ Նահանգներին կոչ է արել հաշվի առնել հիշյալ պայմանագրից դուրս գալու հետևանքները, միաժամանակ նշել, որ INF-ը կենսական նշանակություն ունի Եվրապայի ու աշխարհի համար։

Հիշենք, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը ստորագրվել է 1987թ. ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի այն ժամանակվա ղեկավարների կողմից: Նշված պայմանագրի համաձայն, պետք է ոչնչացվեին, չարտադրվեին ու չտեղակայվեին 1000-5500 կմ (միջին) և 500-1000 կմ (կարճ) հեռահարության հրթիռներ ինչպես սեփական, այնպես էլ այլ պետությունների տարածքներում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանին առանց որևէ փաստի մեղադրելով հիշյալ պայմանագրի խախտման մեջ, հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է այդ համաձայնությունից: Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է. «ԱՄՆ-ն այս որոշմամբ միաբևեռ աշխարհի երազանք է փայփայում»: Փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն արժանացել է նաև միջազգային լայն շրջանակների քննադատությանը։

 

Ա․ Հովհաննիսյան