Հայազգի Սամուելը՝ Բուլղարիայի արքա

Հայերը ցանկացած երկրում աչքի են ընկել իրենց արժանիքներով և հասել ամենաբարձր դիրքերի: Եվ սա օրինաչափություն է, քանի որ նրանք քաղաքակրթություն էին տարածում աշխարհի տարբեր ծեգերում: Նրանք շատ գործուն դեր ունեին նաև Բալկաններում, ուր հայերին զանգվածաբար բնակեցնում էին բյուզանդական կայսրերը՝ օգտագործելով պատերազմները և աղանդավորական շարժումները:

Բյուզանդական կայսրերն իրենց վերոնշյալ քաղաքականությամբ Հայաստանը դատարկում էին հայերից, դրանով իսկ լուծում էր երեք կարևոր խնդիր՝ կազմալուծում հայերի ռազմաքաղաքական հզորությունը, ճնշում ազգային-ազատագրական շարժումները և հյուսիսի արշավող ցեղերի դեմ պատնեշ ստեղծում: Նման պայմաններում ծնվեց հայ-բուլղարական ռազմական համագործակցությունը: Երկու բարեկամ ժողովուրդների համատեղ պայքարում ծնվեցին նշանավոր զորավարները, այդ թվում նաև՝ Սամուել Կոմսաձագը, որը սերում էր  Կոմսաձագերի հայկական արքայատոհմից: Իր հեղինակության և ունեցած դերի շնորհիվ, նա, ի վերջո,  դառնում է Բուլղարիայի թագավոր (997-1014թթ.):

Սամուելի իշխանության ժամանակ երկիրը հասնում է իր հզորության գագաթնակետին: Հայազգի գահակալը նվաճում է Մակեդոնիայի, Ալբանիայի, Թեսալիայի և Էպիրոսի մի մասը: Բուլղարացիները նրան շատ էին գնահատում և մեծարում, քանի որ նա ամեն ինչ անում էր իր երկրորդ հայրենիքի պաշտպանության և բարգավաճման համար: Սամուելի ծննդյան թիվը հայտնի չէ, բայց, ըստ Ասողիկ պատմիչի, ծնվել է Հայաստանի Դերջան գավառում: Գործել է 10-11-րդ դարերի սահմանագծին: Նա իր եղբոր հետ ծառայել է բյուզանդական բանակի հայկական մի զորամասում: Բարսեղ կայսրի հրամանով այդ զորամասը տեղափոխվել է Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու:

Սամուելը շատ հայերի նման ապստամբել է բյուզանդական տիրակալների դեմ և անցել բուլղարների կողմը: Նա բուլղարական բանակում առանձնացել է քաջությամբ,  անձնվիրությամբ, և ստանալով բուլղարացիների վստահությունը, հասել մինչև արքայական գահին: Տաղանդավոր հայորդին կռվել է Վասիլ 2-րդ Բուլղարասպանի դեմ: Հայ գործչի կատարածն իսկական հերոսություն էր, որը բարձր է գնահատվել բուլղարացիների կողմից: Ընդ որում, նա բազմաշնորհ զորավար էր, ռազմավար և թագավոր: Ուշագրավ է, որ նրա մահվանից երեք տարի հետո Բուղարիան կորցնում է իր ազգային անկախությունը և վերածվում Բյուզանդական կայսրության նահանգի:

Ըստ պատմական աղբյուրների և հիշատակումների, Սամուելի հայրը Նիկողայոսն էր, մայրը՝ Հռիփսիմեն, իսկ եղբայրը՝ Դավիթը: Հետաքրքրական է նաև նրա անվան բացատրությունը: Ընդունված տեսակետ է այն, որ ‹‹Սամվել›› կամ ‹‹Սամուել››  անունը եբրայերեն նշանակում է ‹‹աստվածադիր››,  ‹‹աստվածակոչ››, ‹‹տուրք Աստծու››:  Սակայն, պարզվում է, որ ‹‹սամին›› եզան լուծն է, իսկ ‹‹վելը››՝ վարը, այսինքն՝ նրա անունը նշանակում է ‹‹սամին վարող, առաջնորդ››: Եվ սա համապատասխանում էր անվան խորհրդին․ Սամուելն իսկական առաջնորդ էր: Բնավ էլ պատահական չէր, որ նրա շուրջ էին համախմբվել բազմաթիվ հայ ազնվականներ և զորականներ, որոնք սատարում էին նրան: Այս արքայի իշխանության ժամանակ բուլղարական բանակում ստեղծվում է հայկական զորամաս, որի սպայակույտի մեծ մասը եղել են հայեր: Վերջիններիս շառավիղներից ոմանք հետագայում մեծ դեր են կատարել Բուլղարիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Բուլղարներն ու հայերը ներշնչվելով Սամուելի մեծագործություններից և հերոսություններից, քանիցս մասնակցել են Բյուզանդիայի դեմ մղված ապստամբություններին, փառքով պսակելով իրենց անունը: Օրինակ, Սամուելի թոռը՝ Պետրո Դիլյանոսը, ապստամբել է Բյուզանդիայի դեմ, ապստամբությանը մասնակցել են բազմաթիվ հայեր:

Շատ ուսանելի են Սամուել Կոմսաձագի կյանքը և գործունեությունը: Նա անմնացորդ նվիրվել է բուլղար ժողովրդի ազտագրման սրբազան գործին, մոտեցնելով իր հայրենի ժողովրդի ազատագրության  գործը: Հայ մարդը և՛ հայրենիքում, և՛ արտերկրում միշտ էլ եղել է առաջընթացի և արդարության մարտիկ՝ արժանանալով գրեթե ողջ մարդկության հարգանքին և ակնածանքին: Օտարները, որպես օրինաչափություն, միշտ էլ դրական են գնահատել մեզ և ընդունել մեր վաստակն իրենց պատմության մեջ:

 

Ռուբեն Նահատակյան