Ով է մեղավոր, որ Հայաստանն այլևս չի ղեկավարում ՀԱՊԿ-ը

Թերևս ամբողջ Հայաստանը գիտի, որ մեզ մոտ «նուրբ» խնդիրներ են առաջացել ԱՊՀ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշինքի հետ, և գիտի՝ ում և ինչ պատճառով։ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, ում ԶԼՄ-ները կասկածում էին «Խաչատուրովին անմիջապես ձերբակալելու» խորհուրդը տալու մեջ, վաղուց գործի մեջ չէ։ Խոսում են, որ մեկնել է սիրելի կնոջ մոտ, Թբիլիսի։ Այդպես է, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Կամ էլ ինքը՝ Փաշինյանը, գուցե հրապարակավ խոստովանի, թե ով է հուշել կամ հրամայել․․․

Իսկ հիմա մեր երկրում արհեստականորեն իրարանցում են սարքում, և հիմնականում երևում էլ է, թե ինչ շրջանակների կողմից։ Նրանք չեն էլ թաքցնում, որ իրարանցումն իրենց ձեռք է տալիս։ Թվում է, թե անհասկանալի բան չկա նրանում, որ ՀԱՊԿ ղեկավարությունն «այրվածքներ ստանալով» Հայաստանից՝ այդ ռազմական դաշինքի միջազգային հեղինակությունը գցելու հստակ փորձին առնչվելով, այլևս չի ցանկանում հարաբերվել մեր հանրապետության իշխանության հետ։ Այս տարի նախատեսվում էր Երևանում անցկացնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջան, բայց այն չկայացավ, և պաշտոնական Երևանը ստիպված եղավ լռել, քանի որ Ռուսաստանի ներկայացուցիչ Լեոնիդ Կալաշնիկովը խստորեն «տեղը դրեց» Փաշինյանի աշխատակազմին․ «Ու՞մ հետ աշխատենք, եթե դուք լուծարել եք խորհրդարանը»։

«Հայաստանում խորհրդարանը, ըստ ամենայնի, միևնույն է, կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր ընտրություններ։ Բայց եթե իրավիճակն այնպիսին լինի, ինչպիսին է այժմ, ապա ու՞մ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը։ Պատգամավորների պաշտոնակատարների հե՞տ։ Դա տրամաբանական չէ, ճիշտ չէ», – հոկտեմբերի 15-ին ասել էր Կալաշնիկովը լրագրողներին։ Եվ ինչու՞մ է, որ ճիշտ չէ Կալաշնիկովը։ Խորհրդարանի լուծարումը նշանակում է, որ Հայաստանում որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող պատգամավորներ այլևս չկան։ Վերջակետ։

Ավելին․ կառավարությունն էլ է լուծարվել։ Միայն ժամանակավոր պաշտոնակատարներ են մնացել։ Մինչև նոր կառավարության ձևավորումը նրանք, ըստ Սահմանադրության, կկատարեն իրենց պարտականությունները, բայց ոչ ավելին։ Նման «ժամանակավոր կառավարությունը» ավելի շատ «ներքին օգտագործման համար» է, այլ ոչ թե արտաքին հարթակներում օրինական գործունեության։ Եվ եթե Երևանում դեռ մնացել են քիչ թե շատ լուրջ, բանականությունը չկորցրած քաղգործիչներ, ապա նրանք ուղղակի պարտավոր են համաձայնել ՀԱՊԿ և նրա Խորհրդարանական վեհաժողովի գործողությունների ու հայտարարությունների տրամաբանական լինելու հետ։ Բայց մեր երկրում ինչ-որ մարդկանց անպայման պետք է «գերքաղաքականացնել» ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների միանգամայն խելամիտ անհանգստությունը։ Շարժառիթ կար, դա հայտնի է․ նոյեմբերի 8-ի երեկոյան Աստանայում հավաքված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Այսպիսով, Հայաստանը ժամանակ առաջ կորցրեց իր ներկայացուցչին այդ պաշտոնում։ Այդ հարցի կապակցությամբ վերջնական և արդեն անձնավորված որոշումը կընդունվի դեկտեմբերի 6-ին։ Հիմա դա կանխամտածված կապում են դեկտեմբերի 9-ին ընտրություններ անցկացնելու Փաշինյանի որոշման հետ։ Սակայն, նույնիսկ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հիշյալ որոշումից հետո Հայաստանում ոմանք որոշել են «խաղալ» ՀԱՊԿ նյարդերի հետ, համենայն դեպս, մամուլում ակտիվորեն, ԱԳՆ-ին հիշատակելով, տարածվում էր այն լուրը, թե Երևանն արդեն առաջարկել է դաշինքի իր նոր գլխավոր քարտուղարի թեկնածուին և մտադիր է պահել այդ պաշտոնում իր ներկայացուցչին։ Նշվում էր նույնիսկ թեկանածուի անունը՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան։

Մեզ անհայտ է, թե ինչպես էին ընթանում այդ հարցի քննարկումները, և Հայաստանը Խաչատուրովի հրաժարականից հետո ինչ փաստարկներ է բերել, որպեսզի հիշյալ պաշտոնում վերստին նշանակվի իր ներկայացուցիչը։ Ինչո՞ւ հենց հրաժարական»․․․ Որովհետև, ինչպես ժամանակ անց խոստովանեց ԱԳՆ-ն, սեփական գլխավոր քարտուղարին «հետ կանչելու» ոչ մի իրավունք չկա և չի եղել։

«РИА Новости» գործակալության տարածած մեկ այլ ծամվող-ծամծմվող նորությունը Լուկաշենկոյի խոսքերն էին Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Ղանդիլովի հետ հանդիպման ժամանակ։ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ փոփոխությունների շրջանում գտնվող Հայաստանի նման փոքր երկրի համար, երևի թե, շատ մեծ ծանրաբեռնվածություն է միաժամանակ ղեկավարել և ԵԱՏՄ-ն, և ՀԱՊԿ-ը։

«Երևանը պետք է պարզի իրավիճակը գոնե իր համար․․․ Դրանից հետո Սանկտ Պետերբուրգում մենք որոշում կընդունենք։ ՀԱՊԿ-ում այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է, և մենք պատրաստ ենք գլխավոր քարտուղարի երեք թեկնածու առաջադրել»,- ասել էր Լուկաշենկոն։

Եվ, ահա, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը, ում գործընկերն էր 2000-ականների սկզբում հանդիսանում Վաղարշակ Հարությունյանը, հանկարծ սկսում է «մեկնաբանել»։ Ասում է, որ ՀԱՊԿ-ը, իբր, վատ է վարվել մեզ հետ, գրեթե «գցել է», և բերում է անտրամաբանական ու իրավիճակին չհամապատասխանող օրինակներ։ Մինչդեռ, գլխավոր քարտուղարին «ձերբակալելն» ու նրա «պաշտոնը բարձրացնելը կամ հիվանդանալը» իրականում լրիվ տարբեր իրավիճակներ են․ երկրորդ դեպքում ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից, քանի դեռ Հայաստանի ներկայացուցչի համար նախատեսված պաշտոնավարման ժամկետը չի լրացել, որևէ այլ պետության ներկայացուցիչ չէր առաջադրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Նոր իշխանությունը պահանջում է, որ հենց Ռուսաստանը «հաշվի նստի փոխված իրավիճակի հետ» և «հարմարվի Փաշինյանին»։ Բայց ես, չգիտես ինչու, չեմ էլ լսել, որ «նորերը» նույնը  պահանջեն և՛ ԵՄ-ից, և՛ ԱՄՆ-ից, և՛, ի վերջո, ՆԱՏՕ-ից։

Նազարբաևը կարող էր այլ կերպ արտահայտել իր միտքը, Լուկաշենկոն կարող էր այլ բան ասել, բայց հարցի էությունը դրանից չէր փոխվի։ Արամ Սարգսյանը իրավիճակներ է շփոթում, իսկ դա 2018 թ․ վերջի համար արդեն վատ է։ Ցավալի է․․․ Ո՜վ հայ հեղափոխականներ, մինչ դուք հիանում էիք ինքներդ ձեզանով ու մշտապես թաքնվում «ժողովուրդ» բառի ետևում, աշխարհը փոխվում էր․․․ Այդ դուք է, որ պետք է համակերպվեք աշխարհում արագ փոփոխություններին, և ոչ թե նույն Ռուսաստանից կամ հարևան Իրանից պահանջեք, որ Եվրասիայի հսկաները «ձեր համար» «հարմարվեն»․․․ Առավել ևս, որ Ռուսաստան-Իրան տանդեմը, Չինաստանի պարզորոշ, թեև հաճախ չերևացող սատարումով, պայքարում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ։  Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ում Իրանի կարգավիճակը դեռ որոշված չէ, թեև բանակցություններ են գնում Թեհրանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու ուղղությամբ։ Իսկ Չինաստանը ՀԱՊԿ-ի հետ գործակցում է Ռուսաստանի և մյուսների հետ իր կապերը զարգացնելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջոցով։

Ասեմ ավելին․ եթե Խաչատուրովն ինչ-որ պաշտոն զբաղեցներ ՆԱՏՕ-ում, ոչ մի Փաշինյան չէր համարձակվի ձերբակալել նրան այնպես, ինչպես ամռանը ձերբակալում էին Խաչատուրովին։ Այնպես որ, Խաչատուրովի դեմ Փաշինյանի գործողությունների քաղաքական իրավիճակայնությունը բոլորի համար ՀԱՊԿ-ում պարզ է։ Կարծում եմ,  Փաշինյանին հանձնարարեցին «ապտակ հասցնել» ՀԱՊԿ-ին, բայց արդյունքում ինքնախարազանում ստացվեց։

 

Սերգեյ Շաքարյանց