Հայազգի արվեստագետներն արտերկրում. Բոգդան Սալթանով

Բոգդան Սալթանով / Աստվածատուր, որդի Սալթանի (ռուս. Богдан Салтанов) (մոտ 1630, Նոր Ջուղա – 1703, Մոսկվա), հայ նկարիչ Ռուսաստանում: Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, իր անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր: Հավանական է, որ այդպիսի անվամբ իրեն պարգևատրել էին պարսիկները, իր աստվածատուր շնորհի համար: Հայրը՝ Սալթանը, ամենայն հավանականությամբ, եղել է կամ շահ Աբբաս Բ-ի կողմից 1604 թ. բռնի տեղահանված, կամ էլ բռնագաղթվածների շառավիղ:

Սալթանովը Ռուսաստանում հայտնվել է ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով: Բանն այն է, որ 1660 թ. Մոսկովիա են ժամանել տասը հայ վաճառականներ խոջա Սահրադ Շահրիմանի որդի խոջա Զաքարի գլխավորությամբ, ու Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության անունից մարտի 28-ին հարուստ նվերներ ընծայել ցար Ալեքսեյ Միխայլովիչին: Բացի հայ վարպետների կերտած և արվեստի եզակի նմուշ հանդիսացող ադամանդակուռ գահից («Ալմսատե գահ»), որը ցայսօր պահպանվում է Կրեմլի Զինապալատում, նվիրվել է նաև մի արտասովոր պղնձե սկուտեղ «Խորհրդավոր ընթրիքի» պատկերով, որի հեղինակն էր Սալթանի որդի Աստվածատուրը: Այդպիսի շքեղ նվերներ ստանալիս, ցարն ափսոսանք է հայտնել, որ չունի նման վարպետներ:

Վեց տարի անց՝ 1666 թ., խոջա Զաքար Սահրադյանը Մոսկվա է ժամանել Սալթանի երկու որդիների ուղեկցությամբ: Հյուրերին ընդունել են այնպես, ինչպես կընդունեին բարձր դասի ազնվական դեսպաններին: Հատուկ հրամանով ցարական ամբարներից հատկացվել է «10 դույլ գինի ազնվական, 1 դույլ գինի կրկնակի, 15 դույլ գարեջուր, 10 դույլ մեղր, ½ դույլի չափ. ռոմանեի, րենական գինի և եկեղեցական գինի … բելուժկա, օսետրինկա և թարմ ձկների 6 տեսակ … և այլն»: Ընդունելության մակարդակն այնքան բարձր է եղել, որ երկու եղբայրն էլ մնացել են Մոսկովիայում:

Այն թվերին Մոսկովիայում հայկական եկեղեցի չի եղել: Առաջին հայկական եկեղեցիները, որոնք կառուցվել էին XV-XVI դդ., շուտվանից այրվել էին, իսկ քարաշեն Սբ. Աստվածամոր ննջման եկեղեցին «Վրաց սլոբոդայում» դեռևս կառուցված չի եղել: Այդ իսկ պատճառով հայերը դիմել էին ցարին խնդրանքով՝ թույլ տալ ապաշխարության խորհուրդը կատարել ուղղափառ եկեղեցիներում: Բոգդան Սալթանովի հայատառ ստորագրությունը գտնվել է հինգերրորդ տեղում: Դա նշանակում է, որ նկարիչը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ էր, իսկ այլադավաններին, բնականաբար, արգելվում էր աշխատել սրբապատկերների հետ: Ուստի և 1674 թ. ապրիլի 28-ին ընդունելով ուղղափառություն, եղբայրները վերամկրտվեցին, ստանալով հետևյալ անունները՝ Ստեփան ու Իվան Յակովլև որդի Սալթանով: Բացի այդ, երկուսն ել ստացան արքունի ազնվականի տիտղոս: Ստեփանը ժամանակի ընթացքում ստացավ Կրեմլի գնդի զինապահոցի գանձապետի պաշտոնը, իսկ Բոգդան-Իվանը դարձավ Կրեմլի Զինապալատի գլխավոր նկարիչը (1686 թ.): Ի դեպ, դավանափոխումից հետո նա շարունակել է ստորագրել է բացառապես հայերեն տառերով:

Բոգդան Սալթանովն իր շուրջ չորս տասնամյա ստեղծագործական աշխատանքի ընթացքում կատարել է բազմաթիվ և տարաբնույթ գործեր՝ դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը: Ավաղ, նկարների մեծ մասը մեզ չի հասել, 1737 թ. հրո ճարակ է դարձել Մոսկվայում բռնկված մեծ հրդեհի ժամանակ: Բացի այդ, Սալթանովը երբեք չի մակագրել իր աշխատանքները, ինչը դժվարացնում է կտավների հեղինակի որոշման հարցը: Պահպանված նկարներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)