Նոր «սառը պատերազմն» Իրանի և ԱՄՆ-ի միջև սկսվեց

2018թ. նոյեմբերի 5-ից աշխարհը գահավիժեց ևս մեկ «սառը պատերազմի» մեջ. ԱՄՆ-ը հայտարարեց հակաիրանական նոր պատժամիջոցների մեկնարկի մասին։ Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեսպաշտորեն ստում է. իբր՝ Ամերիկան պատրաստ է Իրանի հետ «նոր համաձայնության»։

Հրճված է միայն Իսրայելը, ամերիկամետ և սիոնիստամետ ուժերը, այդ թվում նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Մնացյալ աշխարհը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի պարտադրանքին։ Թեև արդեն հայտնի է, որ 8 երկրների նկատմամբ Վաշինգտոնը բացառություն է արել, այդ թվում նաև՝ ամերիկացիների կողմից մասամբ օկուպացված Իրաքի։

Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլը նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում ասաց․ «Կարող է թվալ, թե մյուս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետև հայ-իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով»։ Փաշինյանի ասածը, որը, կարծում եմ, ակնարկ է հակաիրանական «պատժամիջոցներին» Հայաստանի միանալու պատրաստակամության կամ հնարավորության մասին, նշանակում է, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ ԱՄՆ-ի կամակատարը, այդ պետության քաղաքականության գերին կամ կցորդը։ Դա Հայաստանի ազգային շահերի պաշտպանություն չէ։

Մեզ միշտ հարկավոր է եղել հաղորդակցական ուղիների դիվերսիֆիկացում, Իրանի հնարավորություններն այդ իմաստով շատ մեծ են ու բխում են Հայաստանի և հայ ազգի արմատական շահերից։ Նույնիսկ Իրաքը, որը մի կողմից պատերազմով է բռնված, մյուս կողմից՝ հակաահաբեկչական գործողություններով, ի հավելումն դրա, ԱՄՆ-ի կողմից բռնազավթված է, չի նախատեսում, որ Իրանի հետ իր սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։

Ավելին․Իրաքն ԱՄՆ-ից համաձայնություն կորզեց Իրանից և դեպի Իրան մատակարարումները պահպանելու վերաբերյալ։ ի՞նչն է խանգարում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին՝ հայ-իրանական կապերի հարցում պաշտպանել հայկական ազգային շահը ջոն-բոլթոնների և վաշինգտոնյան այլ պաշտոնյաների հետ շփումների ժամանակ։ Իսկ եթե հանկարծ, ի պատասխան Փաշինյանի հայտարարության, «պատահաբար» դադարե՞ն իրանական գազի մատակարարումները Հայաստան։ Կգնա՞նք ծնկաչոք դեսուդեն սողալու ու մեր թշնամիներից էներգառեսուրսներ խնդրելու, եթե, իհարկե, տան։ Իրանն ամբողջ 26 տարի ոչ հրապարակավ «բետոնի շաղախ» է, որն ամրապնդում է մեր ու նաև Արցախի անվտանգությունը։

Իրանը ոչ մի զիջում չի անի ԱՄՆ-ին։ Հիշեցնեմ, որ դա բխում է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսսեյնի Խամենեիի որոշումից, որն արգելեց Իրանի պետական պաշտոնյաներին որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ, բացի Թեհրանի հետ 2015թ. «միջուկային համաձայնության» շրջանակներ Վաշինգտոնի վերադարձի մասին բանակցություններից։ Ի դեպ, Իրանը սկսեց «պատասխանել» ԱՄՆ-ին դեռևս նոյեմբերի 4-ին. արիացիների երկրում այդ օրը տոնվում է որպես Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր, ինչը նշանակում է, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարի․․․ Ըստ IRNA գործակալության հաղորդագրությունների, միայն Թեհրանում հակաամերիկյան և հակասիոնիստական ցույցերի ելան հարյուր հազարավոր իրանցի քաղաքացիներ, որոնց միացան գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Ողջ երկրում ընթանում էին զանգվածային հանրահավաքներ ու ցույցեր, որոնց գլխավոր կարգախոսներն էին՝ «Կորչի՛ ԱՄՆ-ը», «Մա՛հ ԱՄՆ-ին», «Կորչի՛ Իսրայելը»։ Մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ այրեցին ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները՝ ի նշան բողոքի նրանց ագրեսիվ քաղաքականության դեմ։ Ամերիկյան և իսրայելական դրոշների հրկիզումների այդօրինակ ակցիաներն ամենուր էին Իրանում։

Նշեմ, որ Իրանում հակաամերիկյան և հակասիոնիստական ակցիաները կապված չէին նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի նոր «պատժամիջոցների» մեկնարկի հետ։ Դեռ 1979թ․ նոյեմբերի 4-ին իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում ամերիկյան դեսպանությունը՝ ի նշան Իրանի դեմ Միացյալ Նահանգների բազմաթիվ դավադրությունների դեմ բողոքի։ Դրանից հետո իրանական ժողովուրդն ամեն տարի նշում է նոյեմբերի 4-ը, դուրս գալով համընդհանուր ցույցերի, ցույց տալով իր ազգային միասնականությունն ու իսլամական համերաշխությունը։ Այդ օրը Այաթոլլա Խոմենեին ելույթ ունենալով 1979թ. իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ամերիկացիների պատանդառության տարեդարձին նվիրված հանրահավաքում, առանձնահատուկ ընդգծել է. «Արդեն 40 տարի շարունակվում է մարտը ԱՄՆ-ի և Իրանի միջև, և ԱՄՆ-ը պարտության է մատնվել Իսլամական Հանրապետության կողմից վերջին 40 տարիներին… Ամերիկյան պատժամիջոցների նպատակն է՝ խեղել ու կասեցնել Իրանի տնտեսությունը, բայց իրականում նրանք մղեցին երկիրը ինքնաբավության»։

Իսկ այլ պատասխաններ հնչեցին հենց նոյեմբերի 5-ին։ IRNA-ի հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահին հղված ուղերձում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները և վերադառնա 2015թ. «միջուկային համաձայնության» շրջանակներ, ապա Իրանը կարող է բանակցությունների գնալ Վաշինգտոնի հետ։

Ըստ ամերիկյան «USA Today» թերթի հրապարակման, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Թեև փոխադարձ վստահությունը չի համարվում նախապայման երկխոսության համար, բայց փոխադարձ հարգանք, իհարկե, պետք է լինի։ Մենք 150-էջանոց համաձայնագրի հասանք Վաշինգտոնի հետ, այլ ոչ թե 2-էջանոց (ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ոչ այնքան վաղուց ստորագրված միջուկային համաձայնագիրը)։ Բայց ԱՄՆ-ը որոշեց դուրս գալ գործարքից։ Մենք մեղավոր չենք, որ Վաշինգտոնը անհուսալի բանակցող է, դա խնդիր է, որին բախվում է միջազգային ողջ հանրությունը»։ Նրա խոսքերով, Իրանը սպասելու է մինչև տարեվերջ և ակնկալում է, որ ամերիկացիները կփոխեն իրենց մոտեցումները։

Սակայն, Սպիտակ տան շոումենի համար ամենից տհաճը ես կանվանեմ Իրանի ԻՀՊԿ հատուկ նշանակության «Կոդս» ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիի պատասխանը «Գահերի խաղ» սերիալի ոճով, ասես «հավասարակշռելով» այն, որ Թրամփը նույն ոճով հայտարարեց Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին։ Հաղորդագրությունն ու «պոստերը» Սոլեյմանին հրապարակեց «Instagram»-ի իր էջում. իր լուսանկարը՝ «I will stand against you» («Ես կդիմակայեմ քեզ») մակագրությամբ։ Լուսանկարում գեներալի շուրջ ձյուն է գալիս։ Կոլաժն ուղեկցվում է պարսկերեն հայտարարությամբ, որում նշված է, որ իրանական ժողովուրդն անցել է դժվարին ժամանակների միջով, և ԱՄՆ-ը կարող է պատերազմ սկսել, սակայն Իրանը կլինի դա ավարտողը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդես գալ Թրամփի դեմ և պահանջել է ԱՄՆ-ի ղեկավարից դադարեցնել սպառնալիքները Թեհրանի հասցեին։ Բացի այդ, հենց նոյեմբերի 5-ին Իրանը սկսեց «Վելայաթ» լայնամասշտաբ զորավարժությունները, հրթիռային հրաձգությամբ։

Ամերիկյան «The Washington Post» թերթը մատնանշել է Պարսից ծոցից ԱՄՆ-ի նավերի դուրսբերումը վերջին ամիսներին, Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի դիրքերի թուլանալու հետևանքով, և հաղորդել, որ ամերիկյան պաշտոնյաներից շատերը գնալով ավելի են անհանգստանում Իրանի աճող ռազմական հզորությունից։ Թերթը վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին ու գեներալներին, գրել է. «Աճում է մտահոգությունը Իրանի հրթիռային հնարավորությունների առնչությամբ»։ Իսկ, այ, հետաքրքիր է, նախկին «Ելք» դաշինքի կուսակցություններում կամ, վերջապես, Փաշինյանի տանը ամերիկյան թերթեր կարդո՞ւմ են, տարածաշրջանում իրավիճակի փոփոխության գոնե ամերիկյան գնահատականներին հավատո՞ւմ են…

 

Սերգեյ Շաքարյանց