ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հերթական ոճրագործությունն է կատարել Սիրիայում

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոալիցիայի ինքնաթիռները, որոնք Սիրիայում իբր պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, երեկ գիշեր, ինչպես վերջին օրերին,  ավիահարվածներ են հասցրել Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Հաջին գյուղին: Ընդ որում, հարձակման ընթացքում օգտագործել են միջազգային կոնվենցիայով արգելված, ըստ էության, զանգվածային բնաջնջման զենք համարվող ֆոսֆորային ռումբեր։

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 26 խաղաղ քաղաքացի: Անցած շաբաթ կոալիցիայի կողմից Հաջին գյուղի ևս մեկ ռմբակոծություն խլել էր խաղաղ քաղաքացիներից 15-ի կյանքը։

ԱՄՆ-ը վերջին տարիներին ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով Իրաքում ու Սիրիայում թիրախավորել է խաղաղ քաղաքացիներին: Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ավիահարվածները մոնիտորինգի ենթարկող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարել է, որ Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 2014 թվականից ի վեր, զոհվել են ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ:

Սիրիայի կառավարությունը, նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, նրանց կոչել է վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին: