Բաքվում վախենում են իրան-ամերիկյան առճակատման խորացումից

Ադրբեջանի իշխանությունները երբեմն դատում էին լրագրողներին «Իրանի օգտին լրտեսության» համար, բռնաճնշումներ իրականացնում Նարդարան իրանամետ ավանի բնակչության դեմ։ Սակայն այն փաստը, որ Բաքու այցելեց կատաղի իրանատյացն ԱՄՆ-ից՝ Ջոն Բոլթոնը, որը մեզ մոտ՝ Հայաստանում էլ հասցրեց և՛ հակառուսական, և՛ հակաիրանական շատ բան խոսել, ստիպում է մեզ դիտարկել, թե ինչպե՞ս արձագանքեց Բաքուն Իրանի հետ հարաբերությունների սրման հավանականությանը։ Չէ՞ որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականն այցելեց ոչ միայն Բաքու և Երևան։ Նա Ադրբեջան և Հայաստան եկավ Ռուսաստանի հետ անհաջող բանակցություններից հետո, իսկ Երևանից մեկնեց Թբիլիսի։

Դեռևս 2008-2010 թվականներին ՌԴ հետազոտողները մատնանշում էին, որ Ադրբեջանն ու Վրաստանը դե ֆակտո ԱՄՆ-ի և Իսրայելի գաղութներն են։ Եվ այդ հանգամանքը, եթե այն դիտարկենք պաշտոնական Վաշինգտոնի այսօրվա հակաիրանական ուղեգծի հետ, շատ բանի մասին է վկայում։ Այստեղ մեկ անգամ ևս հիշեցնենք Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 1-ին ասածը, որ հայ-իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Ուշադրության արժանի են նաև դեռ հոկտեմբերին Բոլթոնի ասածները Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են քայլեր Իրանի զսպման ուղղությամբ։

«Ալիևի հետ հանդիպման ընթացքում մենք անցկացրեցինք ինտենսիվ բանակցություններ, այդ թվում՝ Իրանի հարցով,- ասել է Բոլթոնը լրագրողներին։- Քննարկեցինք Թեհրանի գործունեության, ինչպես նաև նրա միջուկային ծրագրի կասեցման քայլեր»։

Բաքվում ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը Թել Ավիվում հանդիպում ունեցավ իր իսրայելցի գործընկերոջ՝ գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտի հետ։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության գործում երկու պետությունների ներդրած ավանդը։  Հարկ կա՞, արդյոք, հիշեցնել, թե ինչպես դրսևորվեց «Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը» 2016թ. ապրիլին մեր սահմանների վրա և Արցախում։ Բոլթոնն Ադրբեջանից փաստացի պահանջել է նույնը, ինչ մեզանից. ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքականությանն Իրանի հարցում։ Իսկ Իսրայելը «երշխիքներ» է խոստացել Բաքվի ներկայացուցիչներին այն դեպքի համար, երբ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանն Ադրբեջանի միանալուց հետո, Իրանը մտադրություն դրսևորի «պատժել» Բաքվին պատժիչ միջոցների ամենախիստ սանդղակով։

Ոչ ոք չի՞ տեսնում, չի՞ զգում, որ Հայաստանի և Արցախի դեմ ահաբեկչության սպառնալիքը բազմապատիկ աճեց Բաքվում ու Երևանում Բոլթոնի «հայտնություններից» հետո։ Չէ՞ որ հենց ԱՄՆ-ը և Իսրայելն են միջազգային ահաբեկչության հովանավորները…Այն, որ Բոլթոնը Ադրբեջան էր թռչում հայկական և իրանական օրակարգերով, պարզ էր ի սկզբանե։ ԱՄՆ-ի, համենայն դեպս, Թրամփի վարչակազմի հետ Ադրբեջանի հարաբերությունները հարթ են զարգացել։ Ոչ մի արտառոց դեպք չի դիտարկվել։ Բայց Ադրբեջանի դիրքորոշումը իրանական հարցի նկատմամբ («ոչ մերոնց-ոչ ձերոնց») երբեք չի գոհացրել Վաշինգտոնին, այսինքն՝ այն, որ պաշտոնական Բաքուն 2006թ. ամռանից հետո հստակ հասկացնել տվեց, որ ինքը չկա «իրանական գործում»։ Հիշեցնենք. Իրանի դեմարշներից հետո ադրբեջանական իշխանությունները բարդ երթուղիներով Բաքվից, բնականաբար, ԱՄՆ արտաքսեցին Թավրիզի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների գործակալ և «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» ղեկավար Մահմուդալի Չոհրագանլիին։ Այնպես որ, մենք վստահորեն կարող ենք ենթադրել, որ ակնարկելով Ալիևին «Իրանի զսպման» մասին, Բոլթոնը հող էր նախապատրաստում, որ Ադրբեջանում պատրաստվեն վերսկսել հակաիրանական քայքայիչ գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ։

Նկատի ունենանք նաև, որ ս․ թ․ սեպտեմբերին 5-օրյա այցով Բաքու էր ժամանել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանը։ Իսկ Ադրբեջանի գլխավոր շտաբի ղեկավարի այցն Իսրայել խոսում է այն մասին, որ որոշակի երաշխիքների առկայության դեպքում Ադրբեջանը հակված է ասել «այո» և մտնել հակաիրանական դաշինք։ Թե ի՞նչ երաշխիքներ և ի՞նչ հարցերով, բնականաբար, մնում է կռահել։ Ինչևէ, խաղադրույքներն ու ռիսկերը չափազանց մեծ են. Իրանի ապակայունացման դեպքում Ադրբեջանն առաջին հերթին կբախվի հետևանքներին, ընդ որում, ոչ միայն փախստականների (ի դեպ, ադրբեջանցի, ինչպես գրում է zerkalo.az լրատվամիջոցը) հետ կապված ճգնաժամին, այլ նաև նրան, որ համաիրանական «Բասիջ» աշխարհազորի կամավորները՝ և՛ թյուրքեր, և՛ թալիշներ, և՛ այլք, որոնց ազգականներն այսօր լիովին կարող են և լինել Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես ասում է դասականը, «կհոգնեն սպասելուց»։ Եթե 1989թ․ ադրբեջանցի ԽՍՀՄ հազարավոր քաղաքացիներին ոչ ոք չխանգարեց, երբ նրանք Նախիջևանից սկսեցին զանգվածաբար փլուզել իրանական սահմանը և ապօրինի ներխուժել Իրանի տարածք, ապա ո՞վ ասաց, թե «հակադարձ ուղղությամբ շարժումը» անհնար է։ ԱՄՆ-ի և Իսրայելի ուղղությամբ պաշտոնական Բաքվի հոսընթացի դեպքում դա, վաղ թե ուշ, սպասելի է։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի համար Իրանի հարցը չափազանց զգայուն բնույթ ունի։

Նշենք նաև, որ նույնիսկ zerkalo.az-ն «Ադրբեջանն ընդդեմ Իրանի. իսկ եթե չստացվի՞» վերտառությամբ իր հրապարակման մեջ անսքող ափսոսանքով նշում է, որ իրոք չի ստացվի, «քանի որ Իրանն Իրաք չէ ու ոչ էլ Սիրիա, և, ամենայն հավանականությամբ, կդիմակայի»․․․ Եվ կանխագուշակում է Ադրբեջանին «սահմանի վրա ստանալ թշնամական երկիր, արդեն ոչ Հայաստանի մասշտաբի»։ Ուստի և, ինչպես եզրակացնում են բաքվեցի հեղինակները, «պաշտոնական Բաքվին պետք են բոլոր երաշխիքներն այն երկրներից, որոնք մտադիր են ճոճել իրանական մակույկը»։

 

Սերգեյ Շաքարյանց