Աշխարհն ելնում է ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների դեմ պայքարի

Նոյեմբերի 6-ին Բելգիայում SWIFT Ֆինանսական հաղորդագրությունների գործակալությունը հայտնեց, որ իրանական որոշ բանկերի համար դադարեցնում է մուտքն իր հաղորդագրությունների փոխանակման համակարգ, ինչը պայմանավորված է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների վերագործարկմամբ։

Իր կարճ հաղորդագրությունում SWIFT-ը չի հիշատակել ԱՄՆ այն պատժամիջոցների մասին, որոնք ուժի մեջ են մտել որոշ իրանական ֆինանսական հաստատությունների դեմ։ Ասվում է, որ իրանական բանկերի համար հաղորդագրությունների փոխանակման համակարգի մուտքն արգելափակելը «ափսոսանքի արժանի» քայլ է, սակայն այդ որոշումն «ընդունվել է ավելի ընդարձակ, գլոբալ ֆինանսական համակարգի կայունության ու ամբողջականության շահերից ելնելով»։ Այս մասին տեղեկանում ենք «Reuters» գործակալության հաղորդագրությունից։

ԱՄՆ պատժամիջոցների մասին չհիշատակելու SWIFT-ի որոշումը, թերևս, արտացոլում է այն փաստը, որ այն «լռվել է» երկու իրարամերժ պահանջների արանքում։ ԱՄՆ կառավարությունը հայտնել է SWIFT-ին, որ սպասում է գործակալության կողմից ԱՄՆ պատժամիջոցների հստակ գործադրմանը, և եթե SWIFT-ը դա չանի, կարող է կանգնել իր հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների փաստի առաջ։ Մյուս կողմից, ելնելով ԵՄ կանոնադրությունից, SWIFT-ին արգելված է անել դա, քանի որ ԱՄՆ օրենսդրությանը հետևելու պատճառով կարող է ընկնել արդեն եվրոպական պատժամիջոցների տակ։ Չէ՞ որ գոյություն ունի ՄԱԿ Միջազգային դատարանի  հոկտեմբերի 8-ի վճիռը, որը բոլորին պարտավորեցնում է չշարունակել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները։

Ռուսական մի շատ հին իմաստուն խոսք կա՝ «Գժին օրենք չկա»։ Եվ ԱՄՆ գործողություններն Իրանի հանդեպ, ինպես նաև տարբեր երկրներում դրանք կրկնող շրջանակները մեկից-մեկ համապատասխանում են ռուսական այդ ասացվածքին։

«Mehr News» կայքի տեղեկացմամբ, Իրանի Կենտրոնական բանկի (CBI) ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին նոյեմբերի 7-ին իրանական մյուս բանկերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի բանկային համակարգը պատրաստ է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները և չեզոքացնել դրանց ճնշումը։ Նկարագրելով պատժամիջոցներին դիմակայելու CBI-ի ձեռնարկած միջոցները, Հեմաթին բոլոր կառավարիչներին կոչ արեց ամեն ջանք գործադրել ֆինանսական գործառույթները պաշտպանելու համար, հենվելով պատժամիջոցների նախկին փուլում ձեռք բերած փորձի վրա։ Ընդ որում, դա դիմակայման միջոցների դեռ մի մասն է։ Իրանի հակապատժամիջոցային միջոցառումների մյուս մասը կապված է այն բանի հետ, որ Թեհրանն ակտիվորեն համատեղում է իր ներքին վճարային համակարգերը Չինաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև այն երկրների համապատասխան համակարգերի հետ, որոնք համաձայնվել են ապադոլարացնել Իրանի հետ փոխհաշվարկները։

Ահավասիկ միայն 2018 թ․ նոյեմբերի 5-6-ի տվյալները․Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լը Մերը հայտարարել է, որ իր երկիրը փորձում է անտեսել իրեն աշխարհի «առևտրային ոստիկան» համարող ԱՄՆ-ի ձեռնարկած միակողմանի քայլերը մնացյալ աշխարհի, հատկապես իրանական ժողովրդի նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների համար, հայտարարելով, որ Անկարան չի հետևի իր հարևանի հանդեպ սահմանափակիչ միջոցներին։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ որոշումը սխալ է անվանել, հայտարարելով, որ Իրանի հետ առևտրի գործիքակազմի վրա աշխատանքները շարունակվում են։

«Մենք չենք հետևի ԱՄՆ օրինակին»,- հայտարարել է Մաասը մամլո ասուլիսում։

Ճապոնիայի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ խոստացել է ֆինանսական կարգավորման նոր մեխանիզմ մշակել Իրանի հետ առևտրում ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար։ ԱՄՆ պատժամիջոցները բացեիբաց արհամարհվում են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Իրաքի, Հարավային Կորեայի և մի շարք այլ պետությունների կողմից։ Իրանի առաջատար ավիափոխադրող «Iran Air»-ն իր ավիատեխնիկան նորացնելու նպատակով, բանակցություններ է սկսել ինքնաթիռների ոչ արևմտաեվրոպական արտադրողների հետ, հայտնել է ավիաընկերության գործադիր տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆին։ Իտալական «Eni» ընկերությունը հայտարարել է, որ քննարկում է իրանական նավթը գնելու պայմանները․․․ Մի խոսքով, առայժմ Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները խորտակվում են, Եվրասիայի խոշոր երկրները քամահրանքով են վերաբերվում ԱՄՆ հարայհրոցին։

Սակայն, «կատակերգության» մեխը նրանում է, որ ԱՄՆ-ն արգելելով առևտուր անել Իրանի հետ, հենց ինքը շարունակում է սեփական արտադրանքը մատակարարել այդ երկիր։ Օրինակ՝ սոյան։ «Bloomberg» գործակալությունը նոյեմբերի 7-ին տեղեկացրեց, որ արդեն երկրորդ շաբաթն է, սոյայով բարձած նավերը շարժվում են ԱՄՆ ափերից դեպի Իրան։ Այդ օրը 56 951 տոննա սոյայով բեռնված նավը ամերիկյան «Լոնգվյու» նավահանգստից ճամփա է բռնել դեպի իրանական «Իմամ Հոմեյնի» նավահանգիստ։ Հուլիսից սկսած, երբ սկսվեց Չինաստանի հետ ԱՄՆ տնտեսական պատերազմը, սա արդեն 13-րդ բեռնափոխադրումն է դեպի Իրան։ Ինչպես հայտնի է, Չինաստանն աշխարհում առաջինն է սոյայի ներմուծման ասպարեզում, բայց նրա առևտրային առճակատումն ԱՄՆ-ի հետ հանգեցրեց նրան, որ ամերիկյան թրեյդերները սկսեցին նոր գնորդներ փնտրել։ «Bloomberg»-ի տվյալներով, այս տարի ԱՄՆ-ն արդեն Իրան է ուղարկել 873 420 տոննա սոյա։ Ահա և քեզ Թրամփի աշխատակազմի «ամենախիստ պատժամիջոցները» Թեհրանի հանդեպ։

Ավելին․ նույն այդ օրն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն որոշում կայացրեց բացառություններ անել Իրանի դեմ որոշ պատժամիջոցների մասով, որպեսզի չարգելակվի Իրանի հարավ-արևելքում գտնվող «Չաբախար» նավահանգստի զարգացումը, որը կարևոր նշանակություն ունի հարևան Աֆղանստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերվում է իրանական նավթին, ապա, բացի Չինաստան, Հնդկաստան, ԿԺԴՀ և Հարավային Կորեա առաքումների ծավալների չկրճատվելուց, արդեն ճապոնական նավթային ընկերություններն են սկսել Իրանից հում նավթ ներմուծել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը համաձայնեց Ճապոնիայի նկատմամբ պատժամիջոցներ չգործադրել։ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտարարեց, որ իրանական նավթի ներմուծման հետ կապված ոչ մի խնդիր չկա, և Իրանից նավթի ներմուծման ծրագիրը մտել է ճապոնական ընկերությունների օրակարգ։ Բայց առավել «շշմեցնող» էր ԱՄՆ ԶԼՄ-ների տեղեկատվությունը։ Մասնավորապես՝ CNBC ալիքի տեղեկացմամբ, չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, այդ երկիրն առաջվա պես վաճառում է օրական 1,7-1,9 մլն բարել նավթ։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոլամ Ալի Հոշրոն կոչ է արել գլոբալ պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին անօրինական պատժամիջոցների համար։

2018 թ․ օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահը հրապարակեց թիվ 13846 կատարողական որոշումն «Իրանի հանդեպ որոշակի պատժամիջոցներ նորից կիրառելու մասին»։ Այդ պատժամիջոցների մեծ մասն ուժի մեջ մտավ ս․թ․նոյեմբերի 5-ից։ Խոսքն այն նույն պատժամիջոցների մասին է, որոնք ԱՄՆ-ը հանել էր 2016 թ․ հունվարի 16-ին, համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 /2015/ որոշման, որով Միացյալ Նահանգները պարտավորվում էր «ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցները կրկնակի կիրառելուց»։ Հարկ է նշել, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) 26-րդ կետը նախատեսում է, որ Իրանը «պատժամիջոցների այդպիսի կրկնակի կիրառումը դիտարկում է որպես․․․ ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների կատարման մասնակի կամ ամբողջական դադարեցման հիմք»։ Սակայն, ԱՄՆ ամենավերջին միակողմանի գործողություններն ու պատժամիջոցները լկտիաբար ու հանդգնորեն արհամարհում են Անվտանգության խորհրդի թիվ 2231 /2015/ որոշման 1-ին, 2-րդ և 10-րդ կետերը, կոպտորեն խախտում են նաև Ա հավելվածի 21, 22, 26-30, 32 և 33-րդ կետերը և գիտակցաբար  քամահրում են հավելվածի 2, 4, 5 և 6-րդ կետերը։

Ներկայիս պատժամիջոցները, ինչպես և նախկինում արված անխոհեմ քայլերը հատուկ ուղղված են նրան, որպեսզի ուղղակիորեն ու բացասաբար ազդեն Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա, ինչպես նաև ճնշում գործադրեն այլ պետությունների վրա՝ նրանց վախեցնելու և ԱՄՆ քաղաքական ուղեգծում պահելու համար։ ԱՄՆ-ը ոչ միայն մարտահրավեր է նետում Անվտանգության խորհրդի թիվ 2231 /2015/ որոշմանը, այլև հանդգնորեն ստիպում է այլ երկրներին խախտել այն որոշումը, որը բոլոր պետությունները պարտավոր են ընդունել ու կատարել, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի։ Այդ պատժամիջոցները անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված և ազգերի հանրության կողմից ընդունված հիմնական սկզբունքներին, որպիսիք են «պետությունների ինքնիշխան հավասարությունը, անդամ երկրների ներքին գործերին չմիջամտելը և միջազգային առևտրի ու նավարկումների ազատությունը․․․»։ Բայց և կարող է ստացվել այնպես, որ ՄԱԿ-ը համաձայնի գլոբալ պատասխան տալ Վաշինգտոնին, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ երկրներ են սատարում Իրանին։

 

Սերգեյ Շաքարյանց