Հայազգի արվեստագետներն արտերկրում. Յուհաննա էլ Արմանի էլ-Կուտցի

Հովհաննես որդի Կարապետի /Յուհաննա էլ Արմանի էլ-Կուտցի, Հաննա/ (անգլ.՝ Yuhanna al-Armani al-Qudsi) (մոտ 1715, Յերուսաղեմ – 1786, Կահիրե), եգիպտահայ նկարիչ:

Հայրը՝ Հարություն Կարապետը, 1740 թ. իր երկու որդիների՝ Հովհաննեսի և Խաչատուրի հետ միասին տեղափոխվել է Յերուսաղեմից Եգիպտոս: Խաչատուրի մասին, որը հիշատակվում է նաև Սալիբ անունով, համարյա ոչինչ հայտնի չէ, ի տարբերություն Հովհաննեսի: Առաջին կնոջից՝ Թուխեցի քրիստոնյա Թադրուս ալ Նուսրանի ալ Յաղուբի դուստր Փարասինից, որի հետ Հովհաննեսն ամուսնացել է Եգիպտոսում հաստատվելուց քիչ անց, ունեցել է չորս զավակ՝ երեք որդի և դուստր: Ավագ որդին՝ Հարությունը (հիշատակվում է որպես Արթին իբն Յուհաննա ալ Արմանի), փողերանոցի ոսկերիչ էր:

Առաջին կնոջ մահից հետո Հովհաննեսն ամուսնացել է ղպտի քրիստոնյա, ոսկերիչ Գյուրգյուս Անբար ալ Սահյա ալ Նուսրանի դստեր Դիմանայի հետ: Հովհաննեսը ստեղծագործել է հիմնականում հին Կահիրեի ղպտիների պաշտամունքային կենտրոններում, պատերը զարդարելով մեծ ու փոքր սրբանկարներով։ Հայտնաբերվել են նաև սրբապատկերներ, որոնք պատվիրված էին անհատների կողմից: Բարեբախտաբար, իր նկարած բազմաթիվ սրբապատկերների տակ նա թողել է ստեղծման թվականը, ամենավաղ նկարները կրում են 1742 թ., իսկ ամենաուշը՝ 1783 թ. նշումը: Կան նաև սրբապատկերներ, որոնք նա ստեղծել է այլ նկարիչների մասնակցությամբ: Օրինակ, 1745-ից մինչև 1755 թվականը Հովհաննեսը սրբապատկերները համահեղինակել է Իբրահիմ ալ Նասիհ նկարչի հետ:

Հովհաննես Երուսաղեմցու մասին տեղեկությունները մեզ են հասել իր կողմից ստորագրված տարբեր վավերագրերի՝ պայմանագրերի, շարիատի դատական ակտերի, կտակների  և այլ փաստաթղթերի շնորհիվ: Ժամանակի ընթացքում Հովհաննեսը թողել է տարբեր ստորագրություններ՝ «Յուհաննա», «Հաննա», «Հաննա Կարապետ», «Հաննա էլ Արմանի», «Հաննա էլ Արմանի  էլ-Կուտցի» (այսինքն՝ Հովհաննես հայ Յերուսաղեմցի):

Եվս մեկ հետաքրքրական փաստ․ Հովհաննեսը ստեղծագործական սկզբնական շրջանում իր աշխատանքները մակագրել է որպես «ալ-նաղաշ», հետո՝ «ալ-ռասսամ», և միայն վերջին շրջանում՝ «ալ-մուսավվիր», այսինքն՝ սրբապատկերագրող: Բացատրության համար նշենք, որ վերոհիշյալ երեք արհեստներն իրարու հետ կապված, բայց, այնուհանդերձ, տարբեր համքարություններ էին օսմանյան Եգիպտոսում: «Ալ-նաղաշ» համքարությունում՝ նկարիչներ էին, «ալ-ռասսամ»-ում՝ պատկերազարդողներ, իսկ «ալ-մուսավվիր»-ում՝ սրբապատկերների նկարիչներ:

Եգիպտահայ Հովհաննես Երուսաղեմցին շուրջ չորս տասնամյակ ստեղծագործական աշխատանքի ընթացքում թողել է մի քանի հարյուր մեծ ու փոքր սրբանկարների ժառանգություն։ Դրանցից երեք հարյուրից ավելին այժմ պահվում է Կահիրեի ղպիտական զանազան եկեղեցիներում, վանքերում և թանգարանում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)