LIVEnews.am-ի ամանորյա մաղթանքը

Սիրելի ընթերցող, ավարտին է մոտենում 2018 թվականը՝ իր բազմահազարամյա պատմության ընթացքում ևս մի փոթորկահույզ ու փորձություններով լի տարի մեր ժողովրդի կյանքում:

Անցնող տարվա ընթացքում վատի, մեր սխալների ու կորուստների մասին այս տոնական օրով չենք խոսի, դրանց հետագայում կանդրադառնանք մեր հրապարակումներում, իսկ ամենակարևորը, որով կարող ենք ուրախանալ, վերջին տասնամյակների մեր ամենամեծ ձեռքբերման՝ Արցախի Հանրապետության (ներառյալ՝ ազատագրված տարածքները), ինչպես նաև խաղաղության պահպանումն է: Մեր այս ձեռքբերումները չկորցնելու համար միշտ պետք է հիշել, որ մենք միասին ենք ուժեղ, հետևաբար մեր ժողովրդին կրոնական ու քաղաքական աղանդների միջոցով պառակտելը և թուլացնելը, հասարակությունը մասերի բաժանելը և այդ մասերին մեկմեկու նկատմամբ թշնամացնելը միմիայն մեր թշնամիների ձեռագիրն ու ձեռքի գործն է, այն ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, բայց ոչ երբեք՝ մեր ժողովրդին:

Թող 2019 թվականը մեզ բոլորիս՝ երկրի ղեկավարից սկսած, մինչև շարքային քաղաքացի, իմաստնություն, թույլ տված սխալներից ճիշտ դասեր քաղելու կարողություն  բերի, լինի հայկական զույգ պետությունների հզորացման ու խաղաղության տարի: Թող գալիք տարին միմյանց նկատմամբ սեր, բարություն, ազնվություն ու պատասխանատվության զգացում ներարկի բոլորի հոգիներում, պատասխանատվության զգացում նաև՝ մեր հայրենիքի, հավատքի համար իրենց կյանքը զոհածների, անցյալ սերունդների, ինչպես նաև ապագայի և Աստծո առջև:

2019 թվականը թող լինի ինքնաճանաչման, աշխարհում մեր դերի և առաքելության գիտակցման ու կարևորման, առողջության, հաջողությունների, Հայաստանում արդարության հաստատման, նոր աշխատատեղերի բացման, մեր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, հայ ժողովրդի  տարագիր հատվածի ներգաղթի, անձնական և անանձնական երջանկության տարի:

Բարի և ուրախ Ամանոր՝ խաղաղությունը պահպանող մեր զինվորներին ու մեզ բոլորիս, շնորհավորում ենք բոլորիդ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: